Կառավարությունը կրկին կվճարի. ինչո՞ւ է պարտվում Հայաստանը

timthumb (1)

Կառավարությունը որոշում է կայացրել իր պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 6000 դոլար՝ ՄԻԵԴ-ում «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կրած պարտությունը փոխհատուցելու համար։ Սա Եվրոպական դատարանում Հայաստանի, իսկ ավելի ճիշտ՝ մեր երկրի դատական համակարգի հերթական պարտությունն է: Ինչո՞ւ է Հայաստանն այդքան հաճախ հայտնվում մեղավորի դերում:

Հաճախ եվրոպական դատարանը նոր որոշում է կայացնում, նոր նախադեպեր, որով ընդլայնում է մարդու իրավունքների շրջանակը՝ այն պարզ պատճառով, որ հասարակական կյանքում նոր իրավահարաբերություններ են առաջ գալիս, նոր երևույթներ: Օրինակ՝ սոցիալական ցանցերը՝ իբրև ազատ արտահայտման իրավունքի միջոց: Բնականաբար, պետք է վերանայել զրպարտության և վիրավորանքի հիմքերը: Եվ, քանի որ Եվրոպական դատարանում շատ երկար է տևում գործերի քննությունը, այդ ընթացքում նոր իրավունք է զարգանում, և դատարանը կարծեք թե հետին հայացքով նոր որոշում է կայացնում:

Սա պատճառներից մեկն է: Երկրորդ պատճառն արդեն իրավասու մարմնի՝ ոստիկանի, դատավորի բացահայտ կամայականությունն է: Այս որոշումները շատ քիչ տոկոս են կազմում: Իրականում հասկանալի է այն մարդկանց վրդովմունքը, ովքեր պնդում են, որ մեր վճարած հարկերով գործունեություն ծավալող դատական իշխանության ներկայացուցիչների սխալների համար կրկնակի գումար է վճարվում՝ էլի մեր հարկատուների հաշվին։ Պատասխանը միանշանակ չէ, և փորձագետների մի խումբը գտնում է, որ ՄԻԵԴ-ի վճիռները պետք է ֆինանսական հետևանքներ ունենան դատավորների վրա, իսկ մյուս խումբը գտնում է, որ մեր «կախյալ» դատական համակարգն այդ դեպքում առավել կաշկանդված կլինի: Դատական նոր Օրենսգիրքը նոր լծակներ է նախատեսել, որոնց միջոցով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի նաև ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա արձանագրված խախտումների փաստով: Միայն թե այս դեպքում մեկ այլ հարց է բաց մնում՝ մինչև ՄԻԵԴ հասնելը հարցը բոլոր ատյաններով անցնում է, այդ դեպքում՝ ո՞ր ատյանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի…

ՄԻԵԴ-ում Հայաստանը պարտվում է նաև այլ պատճառներով: Այս կառույցը ինչ-որ տեղ քաղաքականացված է: Բնական է՝ թույլ տալ, որ մի դատավոր, ըստ վիճակահանության, որոշի դիմումների քննությունը, այդքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չէ, որովհետև դա կարող է լինել, օրինակ, ազգությամբ թուրք դատավոր։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիաի և Ադրբեջանի դատավորները մշտապես քվեարկում են ընդդեմ Հայաստանի: Այս պարագայում, միանշանակ դժվար կլինի ասել՝ ո՞վ է Եվրոպական դատարանում Հայաստանի հերթական պարտության գլխավոր մեղավորը և պատասխանատուն:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *