Կարապետյանը կփորձի խլել նախաձեռնությունը

timthumb

2018 թվականի վարչապետության մասին հարցերը Կարեն Կարապետյանին ուղեկցելու են անընդհատ՝ մինչ այդ հարցում որոշակիություն մցնելը: Անկասկած է, որ այդ հարցերն ամենևին չեն օգնում նրան աշխատանքի արդյունավետության առումով: Մյուս կողմից, եթե Կարեն Կարապետյանի արդյունավետությունը կախված է լինելու այդ հարցադրումների լինել-չլինելուց, ապա այդպիսի արդյունավետությունը, մեղմ ասած, խնդրահարույց է և կասկածելի:

Օրեր առաջ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնն իրականացնել անվտանգության դոկտրինը: Հետո նա ավելացրել է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնն իրականացնել երկրի անվտանգության դոկտրինը: «Անվտանգության դոկտրինի» մատնանշումը պատահական չէ: Այս արտահայտությունը ՀՀԿ-ն դարձրել է իր քաղաքական գործունեության դրոշակը եւ իշխանության բոլոր գործողությունները պատճառաբանում է դրանով (այդ թվում՝ Եվրասիական տնտնտեսական միությանն անդամակցությունը): Այստեղ չքննարկենք, թե ՀՀԿ-ն իր քաղաքականությամբ որքանով է ապահովում երկրի անվտանգությունը, միայն արձանագրենք, որ պարզից էլ պարզ է՝ անցած տարիների ընթացքում իշխանության քայլերը որեւէ առաջանթաց չեն ապահովել երկրի անվտանգության ապահովման, առավել եւս՝ մեծացման հարցում:

Միևնույն ժամանակ ՀՀԿ խոսնակի ասածին դժվար է հակափաստարկ բերելը, որովհետև, ինչքան էլ անորակ լինի Հայաստանի իշխանությունը, դրա ձևավորման հիմքում առաջնայինը լինելու է անվտանգության բաղադրիչը: Այլ կերպ չի կարող լինել մի երկրի պարագայում, որն ունի չկարգավորված հակամարտություն և փակ սահմաններ իր երկու հարևանների հետ: Երբ առաջին պլան ենք բերում անվտանգության հարցը, պարզ է դառնում, որ Շարմազանովն, ըստ էության, խոսում է Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին ու նույն այդ հեռանկարը բացառում է Կարեն Կարապետյանի համար: Վարչապետի կերպարն ու անվտանգության խնդիրն առհասարակ չեն մեկտեղվում, որովհետև վարչապետության ամիսներին մենք այդպես էլ չենք լսել, թե ԼՂ խնդրի կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ինչ տեսլական ունի Կարապետյանը: Արտաքին քաղաքականության ընդամենը մեկ հարցի է անդրադարձել Կարեն Կարապետյանը և, ըստ էության, ասել է, որ Հայաստանի եվրասիականացումն այլընտրանք չունի: Իհարկե, նույն «գծի» մեջ է նաև Կարապետյանի «մրցակից» Սերժ Սարգսյանը, սակայն նա այնքան փորձառություն ունի, որ իր «եվրասիականությունը» ներկայացնում է որպես մոսկովյան պարտադրանք, ճնշում, որոնց նա տրվել է` իբրև թե անվտանգության գլխավոր խնդրում` ԼՂ հարցում, սպառնալիքները չեզոքացնելու նպատակով: Բացի այդ, Սարգսյանն, ի տարբերություն Կարապետյանի, փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգության հարցը:

2018 թվականից հետո վարչապետը լինելու է պետության Առաջին դեմքը: Հետևաբար, Արցախի հարցում պետական քաղաքականության դեմքը: Երբ Մինսկի խմբի համանախագահներն այցելեն տարածաշրջան, ապա հանդիպման ամենաբարձր մակարդակը լինելու է վարչապետը: Եթե կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի հանդիպում, ապա Հայաստանի պարագայում նախագահի փոխարեն Առաջին դեմք փաստորեն վարչապետն է և բանակցության գնալու է վարչապետը: Այսինքն՝ լինել վարչապետ խորհրդարանի կառավարման մոդելում, նշանակում է լինել ոչ միայն տնտեսական քաղաքականության պատասխանատու և առավել ևս մենեջեր, այլ լինել ռազմա-քաղաքական գործիչ: Եվ եթե Կարապետյանը այժմ մարտավարական նկատառումներով կարող է ընդգծված կերպով խուսափել քաղաքական գործունեության դրսևորումներից և «չմտնել» Սերժ Սարգսյանի տիրույթը ժամանակից շուտ չթիրախավորվելու համար, ապա 2018-ից հետո այլևս ոչ միայն անհնար, այլ վտանգավոր կլինի, եթե Առաջին դեմքը մարտավարական նկատառումներով խուսափի քաղաքականությունից:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *