Կարապետյանը հարցը վերջնականապես թաղեց

timthumb (4)

Ի՞նչը կարող է ուրախություն պարգևել հայ պաշտոնյաներին, և հատկապես ի՞նչը կարող է ստիպել նրանց մշտապես ունենալ այն աստիճան լավ տրամադրություն, որ դրա մասին սկսեն խոսել անգամ ԶԼՄ-ները: Այս հարցերը նույնքան պարզունակ կարող են թվալ, որքան դրանց պատասխանները. սովորաբար հայ չինովնիկների լավ տրամադրության աղբյուր հանդիսանում է փողը: Հենց դրա առատությունն է, որ կարող է երաշխավորել հայ ընտրյալների բարձր տրամադրությունը:

Ասում են` վարչապետ Կարեն Կարապետյանը հատկապես վերջին շրջանում բավական կենսախինդ է դարձել: Ճիշտ է` նրա պարագայում երևի թե մի փոքր դժվար կլինի վերոհիշյալ գործոնը վճռորոշ համարելը, քանի որ նա, ինչպես հայտնի է, երբևիցե փողի պակաս չի ունեցել, սակայն հարցն էլ հենց այն է, որ փողի գործոնի բացառումն ինքնաբերաբար ծնում է հարցեր, որոնց պատասխաններն այնքան էլ պարզունակ կարող են և չլինել: Իհարկե, իդեալական կլիներ, եթե Կարապետյանի լավ տրամադրության նախապատճառը Հայաստանի բարգավաճումը լիներ, սակայն ցավն էլ հենց այն է, որ այս գործոնը հարկավոր է հենց ամենասկզբից ևեթ բացառել. սայլը տեղից վերջին մեկ տարում այդպես էլ չի շարժվել, ու որքան էլ որոշ օպտիմիստներ փորձեն իրենք իրենց ու հասարակությանը ներշնչել, թե ամեն բան հետզհետե շտկվում է, փաստը մնում է անհերքելի, որ ոչ մի էական տեղաշարժ երկրում չի գրանցվել` չհաշված, իհարկե, որոշ կոսմետիկ երևույթներ:

Ինչո՞ւմն է խնդիրը: Խնդիրն այն է, որ որևիցե երկիր չի կարող հաջողակ համարվել, եթե դրանում վխտում է կոռուպցիան: Իսկ այս իմաստով՝ Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքին պետք է դասել. ցանկացածն էլ գիտի, թե ինչպիսի անպատժելիության մթնոլորտ է տիրում մեզանում, երբ խոսքը վերաբերում է համակարգային կոռուպցիային:

Ինչպես հայտնի է, Կարապետյանի առաջին քայլերից մեկն էլ հակակոռուպցիոն խորհրդի ձևավորումն էր: Ընդ ոում` այդ խորհրդի ձևավորումն ուղեկցվում էր այնպիսի աղմուկ-աղաղակով ու ամպագոռգոռ խոստումներով, որ թվում էր` մի փոքր էլ, ու երկիրս վերածվելու է, ասենք, Իսլանդիայի, ու այդուհետ եթե մեկը համարձակվի չարաշահել իր պաշտոնեական դիրքը կամ դրա ներքո փողեր յուրացնել, արժանանալու է իսկական դատաստանի:

Երկար ամիսներ անց, սակայն, երբ փորձում ես մտովի ամփոփել արված-չարվածը կամ հեռակա գնահատել հակակոռուպցիոներների գործունեությունը, հանգում ես մի եզրակացության, որը, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ. կյանքն ապացուցեց, որ Կարապետյանի այդ քայլն ուղղակի PR էր, սովորական «ռեկլամ», որ իրականում նպատակ ուներ խաղալ հասարակության հոգեբանության հետ. խորհուրդն այդ, ինչպես վիճակագրությունն է փաստում, այս ողջ ընթացքում հասցրել է ընդամենը երկու նիստ գումարել, որոնց բովանդակությունն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Փաստորեն` մի կառույց, որը կոչված է հիմնահենքային դերակատարություն ունենալ Հայաստանում կոռուպցիայի վերացման խնդրում, այժմ ոմանց թեթև ձեռքով վերածվել է մի ինչ-որ մարգինալ կառույցի, որից ստացված օգուտը փաստացի զրոյական է. չկա, չես գտնի գեթ մեկ օրինակ, որը կփաստեր հակառակը: Պետք է նկատել, որ հանձնաժողովի իրավասությունները բավական լայն են ու ցանկության դեպքում՝ լիովին հնարավոր կարող է լինել կոռուպցիան արմատախիլ անելու հարցում լուրջ արդյունքներ գրանցել հենց միայն այս մարմնի օգնությամբ, սակայն ողջ ողբերգությունն էլ հենց նրանում է (մեր երկրում, բոլորին է հայտնի, կոռուպցիայի ծավալներն իսկապես էպիկական մասշտաբների են), որ մարմինն այս պարապուրդի է մատնված, ինչից ենթադրելի է դառնում, որ նույնիսկ մարդկանց աչքերին թոզ փչելն է դարձել անիմաստ, ինչն, ի դեպ, միանգամայն բնական է, չէ՞ որ ընտրություններն այլևս անցյալում են մնացել:

Այս ամենից կարող է հետևել մեկ պարզ բան` կա՛մ այդ հանձնաժողովը պետք է վերացնել, կա՛մ իսկապես գործի գցել. ՊՈԱԿ-ներ կրճատելուց առաջ նախ պետք է այս մարմինը վերացնեին, այլ ոչ թե շոուներ կազմակերպեին դրա օգնությամբ ու հարցը թաղեին: Համաձայն չե՞ք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *