Կարապետյանը ցրում է իր իսկ ստեղծած միֆը

timthumb (1)

Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկով վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը նամակի պատասխանի ժամկետը լրացել է, սակայն պատասխան չկա։
Վանաձորի ընտրություններից հետո այդ քաղաքում հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Հիմա էլ այն հետաքրքիր եզրահանգում կարող էր ստանալ: Եթե չլիներ ՀՀԿ-ի և «Հայկական վերածնունդ» կուսակցության նախօրեի, ըստ էության, կրիմինալ համաձայնագիրը, որով փորձ է արվում լեգիտիմացնել մեկ տարուց ավելի հակասահմանադրական ռեժիմում գործող Վանաձորի ավագանին ու քաղաքապետին, հարցը գուցե նման սրությամբ չդրվեր: Բայց հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Վարչապետին ուղղված դիմումը կարևոր քաղաքական իրավիճակ է արձանագրել: Այս ամիսներին վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ստեղծել տպավորություն, որ ինքը անկախ գործիչ է և կարող է Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից տարբերվող որոշումներ կայացնել: Եթե վարչապետը կատարեր ընդդիմադիր կուսակցությունների օրինական պահանջը, ապա նա կհաստատեր, որ անկախ գործիչ է: Հակառակ պարագայում՝ Կարեն Կարապետյանը պարզապես ցրում է իր իսկ ստեղծած միֆը:
Ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու անհրաժեշտության մասին՝ Կարեն Կարապետյանը սխալ է հասկացել, առնվազն գերագնահատել է իր առաքելությունը գործընթացում, որովհետեւ «նոր ոգին» վերջնական հանգրվան է, իսկ մինչ այդ՝ Սերժ Սարգսյանը նոր շունչ է հաղորդելու ներիշխանական մեծ ու փոքր դիմակայություններին, բաժանարար գծերին, ու գործող վարչապետին լավագույն դեպքում վերապահված է դառնալ իշխանության մի քանի կենտրոններից մեկի ղեկավար։ Սերժ Սարգսյանի ուժը, քաղաքական ֆենոմենը՝ հենց ներիշխանական հակասություններն իր շահերին ծառայեցնելու կարողության մեջ է։ Այս ճշմարտությունը ժամանակին չհասկացավ Տիգրան Սարգսյանը՝ 2014թ.-ին մենակ մնալով ներիշխանական «պատերազմի» օրերին։ Այս իրողությունն առավել եւս չի հասկացել Կարեն Կարապետյանն, ով բարդ խաղի մեջ է մտել՝ տեխնոկրատների ամորֆ, նաեւ կոռումպացված թիմով։
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *