Կարապետյանների շախն ու մատը

timthumb (3)

Ժամանակ թերթը գրել է, որ «Հայփոստը» 2018-ին մասնավորեցվելու է, եւ հավանական սեփականատերը Սամվել Կարապետյանն է: «Հայփոստը» ներկայում հավատարմագրային կառավարման է հանձնված Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը: Էռնեկյանը ՀՀ նախագահի՝ սեպտեմբերի 21-ի որոշումով ստացավ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն շքանշան:«Հայփոստի» հնարավոր ձեռքբերումը, եթե դա տեղի ունենա, գործնականում կնշանակի հերթական ռազմավարական ակտիվը Սամվել և Կարեն Կարապետյանների տրամադրության տակ դնել: Ռազմավարական ոչ միայն տնտեսական իմաստով, այլև, այսպես ասած, ցանցային, ինչը նաև վարչական ռեսուրս է քաղաքական գործընթացների համար: Սամվել Կարապետյանն իրենով է անում արդեն երկու ռազմավարական, ցանցային խոշոր ընկերություններ՝ «Էլցանցեր» և «Հայփոստ», եթե, իհարկե, իրականություն դառնան դրա մասնավորեցման և Կարապետյանի՝ գնելու մասին տեղեկությունները:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ներիշխանական վերադասավորումները եւ 2018-ին ընդառաջ իշխանության համար պայքարը որոշակի հստակեցում են ստանում: Արդեն ակնհայտ է, որ այդ վերադասավորումների ընթացքում զգալիորեն ամրապնդվել է Կարեն Կարապետյանի եւ իր մեկենաս Սամվել Կարապետյանի դիրքերը, որոնք Հայաստանի՝ առանց այն էլ մենաշնորհախեղդ տնտեսությունում նոր մենաշնորհներ են ձեւավորում, տնտեսությունը, ֆինանսական հոսքերն ամբողջությամբ վերցնում իրենց ձեռքը: Այս պարագայում բնական է, որ իշխանության ներսում պետք է առանձնակի զգուշավորություն դրսեւորել. ի վերջո, թանկացումներն էլ նույն այդ մենաշնորհների հետեւանքն են: Փաստացի՝ Կարապետյաններին հաջողվել է սաստել ՀՀԿ-ականների ընդվզումն իրենց դեմ, ինչը դրսեւորվում էր ոչ հեռավոր անցյալում, իսկ մյուս կողմից՝ չեն ցանկանում ռիսկի գնալ, որպեսզի հետո դաշտում մնալու իրավունք ստանան: Եթե 2018-ից հետո իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն Կարապետյանները, այսօրվա խելոք ՀՀԿ-ականները կարող են նաեւ գլուխ գովել, որ իրենց նախընտրությունն էլ այս թեւն էր, վկան՝ հնազանդ պահվածքը, իսկ եթե մնա Սերժ Սարգսյանի ձեռքում, կասեն, թե սպասում էին Գերագույն հրամանատարի հրամանին:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *