Կարեն Բիշարյանը ներկայացրեց մարտի 1-ի մահվան դեպքերով հարուցված քրգործերի քննության վերաբերյալ դատախազության զեկույցը

timthumb (5)

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին տեղի  իրադարձությունների ընթացքում անձանց մահվան դեպքերի առթիվ կատարված քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության զեկույցը: Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում Կարեն Բիշարյանն ընդգծեց, որ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած՝ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, վնասումով, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքի առթիվ 2008 թ. մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ:«Քրեական օրենսգրքում 2009 թ. մարտի 18-ին կատարված փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասը ուժը կորցրած ճանաչվելուց հետո 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Զաքար Հովհաննիսյանին, Սամվել Հարությունյանին, Համլետ Թադևոսյանին և Տիգրան Աբգարյանին մահ պատճառելու դեպքերի առթիվ 2009 թ. մարտի 24-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված գործին: 2009 թ. հուլիսի 13-ին հարուցվել և նույն քրեական գործին է միացվել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի, KS տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ երեք անձի մահ և ևս երեքին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով հարուցված քրեական գործը»,— մանրամասնեց Բիշարյանը:

Օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է 2008 թ. մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու փաստը: «Նախաքննության առաջին իսկ օրվանից կատարված քննության արդյունքները մշտապես ներկայացվել են հանրությանը, զանգվածային լրատվամիջոցներով, պարբերաբար տեղեկություններ են տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական և միջազգային կազմակերպություններին»,- մանրամասնեց Կարեն Բիշարյանը:

Նա ներկայացրեց պատճառները, որոնց հետևանքով մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հանգեցրել են 10 անձանց մահվան: «Քննությամբ պարզված են այդպիսի պայմանական երեք գործոններ: Առաջին՝ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառում, երկրորդ՝ քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի կիրառում, երրորդ՝ զանգվածային անկարգությունների ընթացքում դեռևս ինքնությունները չպարզված անձանց կողմից բութ, կոշտ առարկաների գործադրում: Առաջին գործոնով պայմանավորված զանգվածային անկարգությունների վայրերում մահացու վիրավորում են ստացել Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը և Գոռ Քլոյանը, երկրորդ գործոնով պայմանավորված՝ Զաքար Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը, երրորդ գործոնով պայմանավորված՝ Սամվել Հարությունյանը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործերով քննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է շուրջ 5 հազար անձ, որոնց թվում՝ ոստիկանության ծառայողներ: Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բիշարյանը փաստեց, որ ինչպես հատուկ քննչական ծառայությունը իր գործիքակազմով, այնպես էլ քննվող քրեական գործերով դատավարական  ղեկավարում իրականացնող դատախազները իրենց իրավական գործիքակազմերով հնարավոր բոլոր քրեադատավարական միջոցները, այդ թվում նաև զուգահեռ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկում են գործի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *