Կարեն Կարապետյանը կորցնում է վերահսկողությունը…

timthumb (1)

Վերջին օրերին կառավարությունն ակնհայտ ցայտնոտային վիճակում է հայտնվել: Որպեսզի ցույց տա, որ անցած մեկ տարում լավ է աշխատել ու արդյունքներ է գրանցել, նախարարներին հանձնարարվել է ժամանակացույցով օրը մեկը ասուլիս հրավիրել ու ներկայացնել կատարվածը: Անցած շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանի կառավարության երկու նախարար, եթե չասենք սաբոտաժի ենթարկեցին վարչապետի խոստումները և արդեն իսկ արված գործերը, ապա առնվազն լուրջ մեսիջ հղեցին հանրությանը, որ Կարապետյանի կաբինետում արշալույսները այնքան էլ խաղաղ չեն: Նախ Վ. Արամյանը հայտարարեց, թե մինչև տարեվերջ կունենանք 4.3 տոկոս աճ: Հիշեցնենք, որ հունիս ամսին վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, թե իրենց առաջնային թիրախներից է տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ միջին հաշվով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսի չափով: Բայց եթե Վ. Արամյանը հիմա ավելի ցածր թվի մասին է խոսում, նշանակում է այդ շեմի ապահովումը վտանգված է իր բոլոր հետևանքներով:
Դա առաջին հերթին նշանակում է, որ վտանգված է հարկային եկամուտների հավաքագրումը: Վ. Արամյանը նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 58.8 տոկոսի: Եվ եթե ՀՀ պարտքը շարունակի իր վարքագիծը, այսինքն՝ նման արագ տեմպերով աճի, ապա միջազգային կառույցների և օտարերկրյա ներդրողների արձագանքը բացասական կլինի: Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Կարեն Կարապետյանը պարծենում էր տարածաշրջանում Հայաստանի արձանագրած լավագույն արդյունքներով, այնպես որ իր նախարարի բերած թվերը և կանխատեսումները սառը ցնցուղ էին այդ թվում վարչապետի համար: Սակայն այստեղ զարմանալու որևէ առիթ չկա, Արամյանը կառավարությունում համարվում է նախագահականի մարդը, քանի որ երկար տարիներ հանիսացել է Սերժ Սարգսյանի խորհրդականը: Գուցե հիմա՞ էլ Արամյանի ելույթը ասուլիսում պատահականություն չէր և նպատակ էր հետապնդում ցույց տալ Կարապետյանի խոսքի և գործի միջև առկա տարբերությունը:
 
Մյուս անակնկալը վարչապետին մատուցեց Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»: Նախարարը թիրախավորում է վարչապետի «գլխավոր հովանավոր», Հայաստանի ներդրողների ակումբի այսպես ասած առանցք՝ Սամվել Կարապետյանին: Այն, որ Ռոստոմյանի այս հայտարարությանը արձագանքեց միայն Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, խոսում է այն մասին, որ թե Սերժ Սարգսյանը, թե Գագիկ Ծառուկյանը համաձայն են Ռոստոմյանի այս խոսքերի հետ:
Եթե մինչ այժմ խոսում էինք այն մասին, որ վարչապետը չունի քաղաքական հենարան ԱԺ-ում, ապա արդեն իսկ պարզ է՝ նա կորցրել է վերահսկողությունը նաև սեփական կաբինետի հանդեպ: Կարապետյանը մինչ այժմ միայն ՀՅԴ-ից էր սպասում նման հարվածների, մինչդեռ ամենաուժեղ հարվածը ստացավ հենց իր թիմակիցներից: Եթե 2018-ին Կարեն Կարապետյանին հաջողվի մնալ վարչապետի պաշտոնում, ակնհայտ է որ նա նախ և առաջ մի շարք խնդիրներ պետք է լուծի՝ այն է ձերբազատվի ՀՅԴ-ից ու մի շարք անցանկալի նախարարներից: Նա ՀՀԿ-ում չունի համախոհների ուժեղ բանակ, որոնք փորձեն նրան նորից առաջադրել այդ պաշտոնում: Նրա հիմնական աջակիցները Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրներն են, որոնք թեեւ ունեն ֆինանսական կապիտալ, բայց չեն հասցրել ստեղծել քաղաքական հենարան: Նրանք իրենց ֆինանսները Հայաստանում քաղաքական կապիտալի չեն վերածել, այդպիսով՝ չեն կարող լուրջ հենարան լինել վարչապետի համար: Անգամ վարչապետի պաշտոնում նրա ընտրությունը պատահական չէր, այդ հարցում էական էր եղել այն, որ նա, որպես թեկնածու, չի կարող մասնակցել 2017-ի ընտրություններին, քանի որ Հայաստանում մշտական բնակություն չի ունեցել: Հետեւաբար, պատահական չէ, որ նրան թույլ չի տրվում հենարան ստեղծել ՀՀԿ-ի ներսում: Որքան էլ հայտարարվեց, որ նրա հետ մեկտեղ ՀՀԿ-ին անդամակցել է 7000 մարդ, եկեք հասկանանք, որ դա ընդամենը քարոզչական տրյուկ էր: Եվ եթե անգամ դրանք ՀՀԿ-ի ռեալ հետեւորդները լինեն, միեւնույն է, չեն կարող որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, նա շարունակում է զրկված լինել հենարան ունենալու հնարավորությունից: Եվ նրա պաշտոնավարման շարունակությունը բացառապես կախված է լինելու Սերժ Սարգսյանի ցանկությունից:
 
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *