Կարեն Կարապետյանի առաջին քննությունը

timthumb (4)

Երեկ երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանը վերդարձավ Դավոսից, որտեղ մասնակցում էր տնտեսական միջազգային համաժողովին: Սա Կարապետյանի առաջին եվրոպական այցն էր Հայաստանի վարչապետի պաշտոնում և չի բացառվում, որ այն լինի վերջինը: Դժվար է ասել, թե Դավոսի ֆորումին մասնակցությունն ինչքանով կապ ունի ապրիլյան համատեքստի հետ, որովհետև այն միանշանական ստվերվեց ԵԽԽՎ Սերժ Սարգսյանի այցով ու ելույթով, որոնց քաղաքական նշանակությունը շատ ավելի մեծ էր: Դավոսի ֆորումին Կարեն Կարապետյանի մասնակցությունը դրական է, սակայն այն կարող է տարբեր, նույնիսկ հակասական հետևությունների տեղիք տալ` առնվազն ապրիլին սպասվող ներքաղաքական զարգացումների համատեքստում: Այն Կարեն Կարապետյանի վերջին շանսն էր, բայց նաև` Հայաստանի նոր ղեկավարի միջազգային «շնորհանդեսը», եթե գոյություն ունի այդպիսի համաձայնություն, կոնսենսուս Սարգսյանի և Կարապետյանի միջև: Մյուս կողմից` ավելի հավանական է թվում, որ Դավոսն ընդամենը մեսիջ էր, որ ապրիլից հետո Կարեն Կարապետյանը շարունակելու է զբաղվել միայն տնտեսական քաղաքականությամբ, իհարկե` պետական այլ կարգավիճակով:
Կարապետյանի Դավոսյան այցի գործնական արդյունքը գրեթե զրոյական է: Այն պարագայում, երբ Խաղաղօվկիանոսյան երկրների համագործակցության շրջանակներում ստորագրվեցին մի շարք կարևորագույն փաստաթղթեր, ձեռնունայն չհեռացան անգամ ոչ պաշտոնապես Դավոս ժամանած ռուսական բիզնեսը ներկայացնող ընկերությունները, Ճապոնիան, Մեքսիկան և մի շարք այլ երկրներ փաստաթղթով ամրագրեցին  էներգետիկ, տեղեկատվական ոլորտներում համագործակցությունը՝ մեր պատվիրակության հանդիպումները մի շարք երկրների վարչապետերի և փոխնագահների հետ անցան անդրայվ միջավայրում, ակնհայտ էր, որ Կարապետյանը ջանք չէր խնայում գործընկերներին համոզելու թե Հայաստանը ներդրումային դրախտ է: Հանդիպումներն անարդյունք էին, քանի որ ներդրումներ բերելու համար պետք է սկզբից երկրում սեփական բիզնեսի համար ստեղծել վստահություն, որպեսզի դրսից ներդրող գա։ Հակառակ դեպքում՝ ներդրումները կգան միայն հանքարդյունաբերություն, որտեղ աշխարհում ամենացածր հարկերն են մեզ մոտ, և այս ոլորտը երկրին գործնականում փող չի թողնում։ Մինչդեռ Կարապետյանին Դավոսում մերժեցին անգամ սփյուռքահայ գործարարները, ինչն ինքնին լուրջ ազդակ է:
Դավոսյան ֆորումի տնտեսական մասից զատ, կարևոր էր նաև Կարապետյանի քաղաքական պրեզենտացիան՝ Արևմուտքին: Կարապետյանը, հաշվի առնելով նրա կենսագրության թե մոսկովյան, թե Հայռուսգազարդ-գազպրոմյան էջը, ընկալվում է որպես Ռուսաստանի նշանակում Հայաստանում: Այդպես է, թե ոչ, տեսակետներն իհարկե կարող են լինել տարբեր, թեեւ 2016 թվականի օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը վկայեց, որ Ռուսաստանը Հայաստանում մտադիր չէ կայացնել իրավիճակի փոփոխության որեւէ որոշում, եւ Սերժ Սարգսյանին ուղղակի հորդորվեց անձամբ տեսնել գլխի ճարը: Դրա վկայությունն էր ԵԱՏՄ-ի շնորհիվ ՀՆԱ-ի երկնիշ աճի մասին Պուտինի հայտարարությունը, որը նշանակում է, որ Ռուսաստանը տվել է այն, ինչ պետք էր եւ որեւէ այլ բան ՌԴ-ից սպասել պետք չէ՝ պետք է արդյունավետ տնօրինել եղածը:
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ֆոնին Կարապետյանի քաղաքական ներկայացումը Արևմուտքին՝ անչափ թույլ էր: Անգամ միջազգային մամուլի հետաքրքվածության աստիճանից պարզ դարձավ, որ Արևմուտքի համար առավել ընդունելի և ընկալելի գործընկեր շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը: Քանի դեռ նախագահը առաջ է տանում «և-և»-ի քաղաքականությունը, Կարապետյանը Դավոսից վերադառնում է ձեռնունայն: Դա էլ քիչ էր, վարչապետի առաջին եվրոպական այցը չանցավ առանց միջադեպերի:Սոցիալական ցանցերում քննարկման թեմա դարձավ, թե որ օլիգարխի օդանավով էր Կարապետյանը մեկնել Դավոս, և թե ինչ արտոնությունների ակնկալիքով է վարչապետին տրամադրվել մասնավոր ինքնաթիռ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *