Կարեն Կարապետյանի նոր կարգավիճակը

timthumb (2)

Ստացել ենք հրավեր եւ Դավոսում կներկայացնենք մեր մոտեցումները մեր արեւմտյան գործընկերներին, նախօրեին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով Արեւմուտքի հետ աշխատանքի վերաբերյալ հարցին: Ստացվում է՝ հունվարին ականատես կլինենք վարչապետ Կարեն Կարապետյանի եվրոպական առաջին այցելությանը: Պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Կարապետյանի արտասահմանյան այցելությունների ցանկը շատ սուղ էր, այն սահմանափակվում էր միայն ԵԱՏՄ անդամ երկրներով և Իրանով, ինչը բավական հակասական կարծիքների և գնահատականների առիթ տվեց: Այժմ ակնհայտ է, որ Կարապետյանը պատրաստվում է փոխել մարտավարությունը: Արդյո՞ք այդ քայլը զուտ տնտեսական նպատակներ է հետապնդում: Նախ սկսենք նրանից, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ մոռացության մատնել Դավոսյան հավաքը:
Դավոսի գագաթնաժողովին մասնակցությունը ցանկացած երկրի համար կարեւոր է, մանավանդ, որ օրակարգային հարցերից շատերն այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանին ու տարածաշրջանին՝ չլուծված հակամարտություններ, համաշխարհային տնտեսության վիճակ, մասնավորապես, ՌԴ տնտեսության նկատմամբ պատժամիջոցներ եւ դրա հետեւանքներ։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նման միջոցառումների ժամանակ չունեն ասելիք։ Հավանաբար, դեռ չեք մոռացել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հետեւած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանի «դարակազմիկ» ելույթը, երբ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ շնորհակալություն հայտնեց այդ միության անդամ երկրներին, իր խոսքն ավաևրտելով՝ «եւ վերջ»։ Նշենք, որ անցած 10 տարիներին դավոսյան ֆորումին մեկ անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը, ով այնտեղ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ 2009 թվականի հունվարին: Ինչպես կասեր ինքը՝ Սերժ Սարգսյանը՝ և վերջ: Սակայն մեր իշխանություններին էլ չես կարող մեղադրել: Իրականում՝ այս տարիների ընթացքում մենք չենք ունեցել այն «կալիբրի» քաղաքական գործիչ, ով Հայաստանը պատվով կներկայացներ նման միջոցառմանը, կկարողանար օգտագործել իր միջազգային կապերը և մասնակցությունից զատ՝ տնտեսական օգուտ ապահովել նաև երկրի համար: Մի պահ պատկերացնենք նախկին վարչապետներից Հովիկ Աբրահամյանին՝ Դավոսում: Պատկերացնելուց հետո հասկանում ես, որ այս դեպքում Դավոսի խորհրդաժողովին չմեկնելը միգուցե եւ ճիշտ էր՝ մասնակցեին, որ ի՞նչ անեին։
Բայց, ի վերջո՝ ինչո՞ւ է Հայաստանը վերադառնում Դավոս: Մի կողմից՝ սա օբյեկտիվ անհրաժեշտություն է. Կարապետյանն, ինչ խոսք, լավ օրից չէ, որ պատրաստվում է նաև այնտեղ ներդրողներ որոնել: Մյուս կողմից՝ վարչապետի այս որոշումն ունի նաև ներքաղաքական նրբերանգներ: Բանն այն է, որ վերջին շրջանում ռուսական ուղղությամբ լրջորեն ակտիվացել է նախագահ Սարգսյանը: Վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ԶԼՄ-ների հետ ունեցած հանդիպումների ընթացքում Սարգսյանը հայտարարեց մի շարք նախագծերի մեկնարկի մասին: Առաջին հերթին խոսքը գնում է ռուս-հայկական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին, ինչը դիտարկվեց իբրև Սարգսյանի պատասխանը՝ Կարապետյանի Ներդրողների ակումբին: Սարգսյանն ընդամենը ստվերում էր մինչ այժմ այդ կարգավիճակում գործող Կարեն Կարապետյանին, ցույց տալով, որ չի զիջում նրան: Հավանական է նույնիսկ, որ այդ դիրքը կորցնելուց հետո Կարապետյանը որոշեց ելնել ավելի բարձր՝ Դավոս, ցույց տալու, որ ինքը պատրաստվում է ակտիվանալ, ընդ որում՝ նաև եվրոպական ուղղությամբ: Այս քայլով Կարապետյանը երկու կարևոր հարց է լուծում, նախ՝ կդադարեն այն խոսակցությունները, որ վարչապետը եվրոպական օրակարգ չունի, որ նրա ազդեցության գոտին սահմանափակվել է միայն Եվրասիական միության շրջանակներում: Եվ իհարկե՝ ամենակարևորը՝ Կարապետյանը ունակ է իր մասնակցությունը Դավոսյան ֆորումին՝ նյութականացնել ի դեմս ներդրումների, որոնք կարող են հոսել մեր երկիր: Դրանով Կարապետյանը և՛ իր դիրքերը կամրապնդի, և՛ մեկ քայլ առաջ կանի խոստացած ներդրումների ներգրավման հարցում: Դավոսին վարչապետի մասնակցությունը ակնհայտ մեսիջ է, որ Կարապետյանը փորձելու է նաև արտաքին խաղացող դառնալ, ինչը, անշուշտ, կամրապնդի նրա դիրքերը՝ 2018-ին սպասվող ներքաղաքական պայքարում:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *