Կարեն Կարապետյանի ցանկությունն ու Սերժ Սարգսյանի պլանները

86cc2dd55ade41a169b67e97f388c735

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաեւ վարչապետի հարցն ու եկել եզրահանգման, որ ճիշտը Սերժ Սարգսյանի վարչապետությունն է: «Չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը, հիմնավորելով, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում:

Այս հարցում, ինչպես և ակնկալվում էր՝ անակնկալներ չեղան: Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի անցնցում ստանձնումը ենթադրում էր հենց նման սցենարի իրագործում: Կարապետյան-Սարգսյան հանդիպումն էլ շարքայիններից չէր. հանդիպումը պարզապես անհրաժեշտ էր, որպեսզի ձևավորվի այս հարցում ներիշխանական կոնսենսուսի տպավորություն: Դժվար է ասել՝ Կարապետյանն իրեն խաբվա՞ծ է զգում, թե՞ իրադարձությունների նման ընթացքը նաև իր համար էր կանխատեսելի և ընդունելի, սակայն հանրապետականների համար լուրջ խնդիր էր պահել նաև Կարապետյանի դեմքը՝ այն դեմքը, որը ՀՀԿ-ի համար 2017-ի ընտրություններում ապահովեց խորհրդարանական մեծամասնությունը:

Իհարկե, Կարապետյանի համար սա տհաճ իրավիճակ է, սակայն ոչ պակաս տհաճ իրավիճակում է այս պահին հայտնվել ՀՀԿ-ն, որի ներկայացուցիչներն ընդհուպ ապրիլի 9-ին հայտարարում էին, որ վարչապետի հարցում որոշում դեռ չկա, եւ կքննարկեն ու կասեն մի քանի օրից: Արդյո՞ք սա  նշանակում է, որ Սարգսյանը սկսել է զգուշավորություն դրսևորել, կամ չի վստահում իր քաղաքական թիմին, թե՞ այս ամենը նրա գծած ծրագրի մի մասն է, որն էլ պաշտոնաթող նախագահն այս պահին հրաշալի կերպով կյանքի է կոչում: Ուշագրավ էր նաև Կարեն Կարապետյանի կողմից Սարգսյանին ոչ թե վարչապետի, այլ պետության առաջին դեմքի գործառույթները հանձնելը:Այսպիսով՝ ուրվագծվում են նաև Սարգսյանի լիազորությունների շրջանակները ապրիլի 17-ից հետո. Սարգսյանը, փաստորեն, ձևավորում է ներհամակարգային ուժի մի քանի կենտրոններ՝ ստանձնելով դրանց արբիտրի կարգավիճակը:

 

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *