«Կարմիր գծեր»՝ առողջապահության ոլորտում. նախարարի նոր մտահղացումը

Capture

«Առողջապահության նախարարության հերթական փուչիկը նոր ու զավեշտալի փուլ է մտնում։ Նախարարը նոր է հիշել, որ պիտի համապատասխան հանձնաժողովն այցելի մարզեր, ներկայացնի, քննարկի էլեկտրոնային առողջապահության ծրագրի լավ կողմերը, թաքցնելով իրական նպատակները ու հիմա էլ արդեն կոնսենսուսի մասին է խոսում։ Դեռ չհանդիպած, դեռ չլսած՝ շատ շուտով դոտացիաներ կառաջարկվեն առողջապահության ազգային օպերատորի կողմից անհասկանալի կերպով որոշված գների մասին»,- խոսելով առողջապահության էլեկտրոնային համակարգի մասին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը:

Նա նշեց՝ թեև Առողջապահության նախարարությունը ծրագրի իրականացման համար ուղղությունը շեղել է դեպի անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, ID-ի չօգտագործում և այլն, բայց այստեղ այլ խնդիր կա. «Խնդիրն այն է, թե ում է պատկանում կազմակերպությունը, որին տրված է կոնցեսիոն կառավարման էլեկտրոնային առողջապահական համակարգը: Ինչպե՞ս են որոշվել գները, ո՞վ է որոշել, որ, օրինակ, սոցփաթեթով սպասարկվողի համար պետք է 20,84 դրամ վճարել:

Ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր հիվանդի համար հիվանդանոցը գումար վճարի այդ համակարգին: Ստացվում է եռաստիճան համակարգ. հիվանդանոցը վճարում է և՛ համակարգում հայտնվելու համար, և՛ փաստացի գրանցված և համակարգից օգտվող բժշկների, գանձապահի, օպերատորի և այլնի համար (յուրաքանչյուրի համար` 500-ական դրամ), և՛ ծառայությունների համար, այսինքն՝ որքան ծառայություն մատուցի (կապ չունի պետական պատվեր է, թե վճարովի), յուրաքանչյուր պատմության համար 1000 դրամ փոխանցում է այդ համակարգին», — ասաց նա՝ ավելացնելով, որ թաքցվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համակարգն աշխատելու համար:

Վանեսյանի կարծիքով՝ փոփոխությունները հետագայում բերելու են գների թանկացման. «Էլեկտրոնային դեղատոմսի համար  դեղատունը 25 դրամ պիտի վճարի, ինչը բերելու է գների բարձրացման: Բնականաբար, դա ազդելու է ժողովրդի սոցիալական վիճակի վրա: Մտնում են քաղաքացու գրպանը, գումար տանում և պարզ չի, թե ուր է գնում այդ գումարը և ինչի համար»,- ասաց նա:

Նա նշեց, որ դեմ չէ առողջաապահական էլեկտրոնային համակարգին, ավելին՝ կողմ է, բայց միևնույն ժամանակ՝ գտնում է, որ որևէ օրենսդրական փոփոխություն անելուց առաջ պետք է հանդիպել, խորհրդակցել և լսել բժիշկների կարծիքը, ոչ թե որոշումն ընդունելուց, իրագործելուց հետո պարզել, որ խնդիրներ կան, որից հետո նոր նախարարը հանձնարարի հանձնաժողով կազմել, գնալ մարզերով:

«Ես կողմ եմ էլեկտրոնային առողջապահության համակարգ ունենալուն, բայց՝ անվճար՝ ինչպիսին պետական եկամուտների կոմիտեի կողմից սպասարկվող ծրագրերն են: Ես որոշման մեջ մի շարք հանգամանքներ եմ տեսնում: Առաջինը՝ 1033-Ն որոշումը չի կարող տարածվել ՀՀ-ում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու դեղատների վրա, քանի որ վերաբերվում է բացառապես նոր լիցենզավորվողներին, ինչպես գրված է այնտեղ, միևնույն ժամանակ՝ օրենքով սահմանված կարգով, ցանկացած նոր պահանջներ սահմանող և սահմանափակող իրավական ակտ հետադարձ ուժ չի էլ կարող ունենալ: Երկրորդ՝ լիցենզավորման պայմաններում չկա էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու պարտադիր պայման և չի էլ կարող լինել, ուստի չի էլ կարող անդրադառնալ նոր լիցենզավորող կազմակերպություններին: Երրորդ՝ առողջապահական կազմակերպությունների մեծ մասը պետական ենթակայություն ունեն, գլոբալ առումով՝ Առողջապահության նախարարությունը և՛ լիցենզավորում է, և՛ հատկացնում պետական պատվեր այդ կազմակերպություններին, ինչով պայմանավորված է պետական սեփականություն ունեցող բժշկական կազմակերպությունների պասիվությունն այս՝ առանց բավարար իրավական հիմքի գործընթացի նկատմամբ, քանի որ շատերի նկատմամբ կգործեն տերթոդիկյան պատժամիջոցները»,- նկատեց առողջապահության մասնագետը:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարը կարմիր գծեր է սահմանել առողջապահության ոլորտի համար. «Հավանաբար, կանգնած լինելով այս հետաքրքիր բիզնես մոդելի ակունքներում, որը պիլոտային փորձարկել է նաև Վարդանանց բժշկական կենտրոնում, հետագայում հավերժ առողջապահության ոլորտից սնվելու հնարավորություն ունենալու նպատակով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կառավարության որոշումը՝ ստորև.

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *