Կա մշակութային նմանություն. Հնդկաստանի դեսպանը մեկնաբանում է հայերի սերը հնդկական սերիալների հանդեպ

timthumb

 

Վայոց ձորի մարզի կրթական մեծ ծրագրի և հայ-հնդկական համագործակցության մասին այսօր` հունիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեցին ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը և Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Բանախոսներն անդրադարձան Վայոց ձորի մարզի կրթական ծրագրի կարևորությանը, իրականացման մանրամասներին, Հայաստանի և Հնդկաստանի շարունակական համագործակցությանը և ապագայում իրականացվելիք այլ ծրագրերի:

ԼՈւՐԵՐ. com-ի թղթակցը մի քանի հարցերի շուրջ զրուցել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ:

Պարո՛ն Սանգվան, ինչո՞ւ եք հետաքրքրված հենց Վայոց Ձորով: Ի՞նչ խնդիրներ են առկա այս մարզում:

— Հարցը նրանում է, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին: Վայոց ձորի ընտրությունը հիմնված է Հայաստանի առաջարկի վրա: Այսինքն՝ Հայաստանն առաջարկում է, որ նման խնդիր ունի լուծելու, իսկ Հնդկաստանն էլ, որպես բարեկամ երկիր, օգնում է: Մենք հստակ նախընտրություններ չունենք. որ մարզն էլ որ մեզ առաջարկվեր՝ մենք կաջակցեինք: Ծրագրի շրջանակում մի շարք աշխատանքներ են իրականացվել, դպրոց է վերանորոգվել, մի շարք դպրոցներ համալրվել են համակարգիչներով և այլն:

Հնդիկները հետաքրքրված են Հայաստանի կրթությամբ: Ինչո՞վ է պայմանավորված նրանց նախընտրությունը և հիմնականում ո՞ր մասնագիտությունների համար են գալիս Հայաստան՝ ուսանելու:

— Օրինակ, Հնդկաստանում բժշկական կրթությունը մասնավոր ԲՈւՀ-ում շատ ավելի թանկ է, քան Հայաստանում: Նմանատիպ կրթությունը Հնդկաստանի համեմատ՝ այստեղ մոտ 20-25 % է կազմում: Դրա համար՝ գերադասում են գալ և Հայաստանում կրթվել: Նշեմ նաև, որ գոհ են այստեղի կրթության որակից:

Վերջին շրջանում հայերի կողմից մեծ հետաքրքրություն են առաջացրել հնդկական սերիալները: Ըստ Ձեզ, ի՞նչ է պատճառը:

— Ինձ թվում է՝ հնդկական սերիալները բավականին հանրաճանաչ են, քանի որ կա բավականին շատ մշակութային նմանություն. ընտանիք, շփում, ընտանեկան արժեքներ: Կարծում եմ՝ կամ շատ հոգեհարազատ է հայերին, կամ ինչ-որ նմանություններ են գտնում և հավանում են դրանք:

Ի՞նչ կարող են տալ հնդկական սերիալները հայերին:

— Ես, իհարկե, իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ մարդիկ նայում են, որովհետև իրենց հետաքրքիր է, թե ինչպիսին է սովորական հնդկական ընտանիքը, ինչպիսի հարաբերություններ են, ինչպիսի սոցիալական պայմաններ են Հնդկաստանում: Իսկ թե ինչո՞ւ են այդքան սիրում հայերը հնդկական սերիալներ, ճիշտ կլինի, որ հենց դիտողները պատասխանեն այդ հարցին:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *