«Կիսաբաց լուսամուտներ»-ից և «Սուր անկյուն»-ից հետո այդ աղքատ երեխաները լուրջ խնդիրներ են ունենում. փորձագետ

timthumb (3)

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող, փորձագետ Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ հայաստանյան հեռուստաեթերում անչափահաս երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը միտված հաղորդումները շատ հաճախ տալիս են հակառակ էֆեկտ, որը դառնում է հասարակությունից երեխայի մեկուսացման պատճառ. «Մեր կենտրոնն, օրինակ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ստեղծման սզբնական շրջանում ակտիվրեն համագործակցում էր այդ հաղոդաշարի հետ: Մեր նպատակն էր՝ որպես փորձագետ բացահայտել և ինչու չէ՝ կանխարգելել անչափահասի նկատմամբ ցանկացած բռնության դեպք, բայց երբ մենք տեսանք, թե ինչպես են անչափահաս երեխաներին բերում տաղավար և նրանց հարցերի միջոցով ստիպում խոսել իրենց ընչազրկության, իրենց նկատմամբ կատարվող բռնության դեպքերի մասին, դադարեցրեցինք տաղավար մեր այցերը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

 

Վերջինիս խոսքով՝ իրենց կազակերպությունը բազմիցս դիմել է հաղորդաշարի հեղինակներին և կազմակերպիչներին՝ կոչ անելով դադարեցնել անչափահասներին տաղավար բերելու այդ սկզբունքը, քանի որ այդ տաղավարից դուրս գալուց հետո՝ հայտնի չէ, թե տվյալ երեխան ինչ խնդիրներ կարող է ունենալ հասարակության, իր հասակակիցների հետ շփվելիս. «Սովորաբար, փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքերից հետո երեխաների մոտ հոգեբանական խնդիրներ են առաջանում: Եղել են դեպքեր, երբ այդ եթերում հայտնվելուց հետո երեխան ընդհանրապես հրաժարվել է համայնք վերադառնալ, քանի որ հասակակիցները սկսել են նրան այլ կերպ ընդունել, և ստացվում է որ օգնելու փոխարեն՝ ավելի ենք խոցում նրանց»:

 

Մեր դիտարկմանը՝ անչափահաս երեխաների իրավունքների ոտնահարման նմանատիպ դեպքերին իրենց կազմակերպությունն ինչպես է արձագանքում, մեր զրուցակիցը նշեց. «Բազմիցս փորձել ենք առաջարկել, որ երեխաների դեմքը թաքցնեն և չցուցադրեն հասարակությանը, բայց չեն ընդունել, դե հաղորդում է, և իրենք գործում են հաղորդաշարի ռեյտինգի պահանջներին համապատասխան»:

 

Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն անդրադաձավ նաև սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակող մեկ այլ՝ «Սուր անկյուն» հաղորդաշարին՝ շեշտելով, որ անչափահաս երեխաների՝ եթերում լացելն ու իրենց ընտանիքի աղքատության մասին պատմելը նույնպես բացասական հետևանք  է թողնում նրանց հոգեկերտվածքի վրա. «Ճիշտ է՝ այդ հաղորդաշարի շնորհիվ սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքները ստանում են նյութական մեծ օգնություն, բայց արդյո՞ք միայն դա է կարևոր, չէ՞ որ էկրանի առաջ լացող այդ երեխան հետագայում իր կյանքի որոշ փուլերում խնդիրներ կարող է ունենալ, չէ՞ որ նրա հոգեբանության մեջ եթերում իր խնդիրները ներկայացնելը կարող է բացասական ազդեցություն թողնել, չէ՞ որ այդ հաղորդումները չեն անհետանում, դրանք մնում են, ուստի՝ ճիշտ չէ երեխային ամբողջ հանրությանը ցույց տալ և ասել՝ տեսեք՝ ինքան խեղճ ու մեղք են: Սա հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ է դառնալու այդ երեխաների համար հետագայում: «Կիսաբաց լուսամուտներ»-ից և «Սուր անկյուն»-ից հետո այդ աղքատ երեխաները լուրջ խնդիրներ են ունենում :

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *