Կնոջ վրա ձեռք բարձացնելը հարիր չէ հայ տղամարդուն. Արման Վարդանյան

timthumb (2)

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ականատես եղանք խայտառակ մի իրավիճակի, երբ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը Նուբարաշենից բերված կեղտաջրով լցված տարաները ձեռքներին՝ փորձեցին մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Նիստին ներկա ՀՀԿ-ական տղամարդիկ պարզապես հարձակվեցին կանանց վրա և ծեծի ենթարկելով՝ հանեցին նրանց դահլիճից:

Դեռևս 2009 թվականին, երբ քաղաքապետ էր Գագիկ Բեգլարյանը, բավականին թեժ վեճեր էին ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետի և մյուս խմբակցության ղեկավար, Կրթության, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Վարդանյանի միջև: Սակայն, ինչքան էլ բանավեճերը թեժ էին լինում՝ նշաձողը միշտ բարձր էր պահվում:

Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արման Վարդանյանից, ով այժմ ղեկավարում է «Միասնություն» համազգային շարժումը:

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպը:

-Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները դեռևս կայացման փուլում են գտնվում և իրականում շատ խնդիրներ կան: Ինչպես հիշում եք՝ Վանաձորի դեպքում անգամ բոյկոտի մասին լսեցինք, սակայն Երևանում տեղի ունեցածը երևանցիներիս համար պարզապես անընդունելի է:  Չնվազեցնելով մյուս քաղաքների ավագանիների դերակատարումը, ես միշտ էլ առանձնացրել եմ Երևան քաղաքի ավագանին. նրա անդամները պարտավոր են ամեն ինչում օրինակելի լինել բոլորի համար, քանի որ ներկայացնում են աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանը և այդ քաղաքի բարձագույն մարմինը: Այդ պարտականությունը նրանք պետք է կատարեն ամենայն բծախնդրությամբ և բարձր պահեն սահմանված նշաձողը, սակայն, ցավոք սրտի, հակառակ երևույթի ականատեսն ենք դառնում:

Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստին, թե՛ քաղաքական, թե՛ տղամարդկային տեսանկյունից՝ տրամաբանությունից դուրս է: Ըստ իս, անկախ նրանից՝ ինչ է իրեն թույլ տալիս կինը, նման վարքագիծը ոչ մի տղամարդու հարիր չէ: Իրեն հարգող հայ տղամարդը երբեք չպետք է ձեռք բարձրացնի կնոջ վրա:

-Ավագանու ընդդիմադիր կին անդամներին հոգեկան խնդիրներ ունեցողներ են որակում: Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս պահվածքին:

-Հայաստանում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք այնքան են իրենց դիրքը չարաշահել, որ արդեն տարօրինակ են նայվում այն մարդիկ, ովքեր փորձում են օգտագործելով իրենց կարգավիճակը, արծարծել հասարակ քաղաքացիների, հայ մարդու խնդիրները: Հայաստանում պաշտոնյաները սովոր են իրենց դիրքն օգտագործել միայն հարստանալու համար և այդ է պատճառը, որ հասարակ քաղաքացու մասին մտածողներին սկսել են տարօրինակ հայացքով նայել: Միգուցե ոչ այնքան ստանդարտ ձևաչափով է կատարվել ակցիան, բայց դա հարցի մի կողմն է, առաջնային կողմն այն է, որ մարդը, զբաղեցնելով որևէ պաշտոն օրենսդիրում կամ գործադիրում, բացի իր գրպանները լցնելուց՝ կարող է  զբաղվել բնակիչների խնդիրներով: Հավանաբար, այդ տեսանկյունից են նրանց անվանում հոգեկան խնդիրներ ունեցողներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *