Կոծկելով ակնհայտը…

5565418

Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ինչպիսի բարձր կարծիք էր արտահայտել իր նախորդի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ Մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանը:

 

Վերջինս ամենաբարձր կերպով է բնութագրել Հասմիկ Պողոսյանի ավանդը հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում: Ամիրյանը ժլատություն չի արել Հասմիկ Պողոսյանին հասցեգրված գովասանքի մեջ և վերջինիս կատարած աշխատանքը գնահատել է ֆունդամենտալ: Այն, որ Հասմիկ Պողոսյանի օրոք հայ մշակութային արժեքներն ու մշակույթը՝ իբրև առանցքային կարևորություն ունեցող ոլորտ, ֆունդամենտալ անտարբերության էր մատնված՝ դրանում կասկած չկա:

 

Նույն Ամիրյանը բազմիցս նշել է, որ ինքը շատ գործ ունի անելու, հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչում էր այդ ֆունդամենտալ աշխատանքի արդյունավետությունը, եթե անելիքները, պակասելու փոխարեն՝ ավելացել են: Օրեր առաջ բացահայտվել է Հասմիկ Պողոսյանի ֆունդամենտալ աշխատանքի դրվագներից մեկը: Մշակույթի նախարարությունը Հասմիկ Պողոսյանի օրոք տարածքներն օգտագործում էր ապօրինի կարգով։ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող թվով 13 գույքային միավորներ կային, որոնք ամրագրված էին տարբեր մշակութային հաստատությունների, բայց իրավականորեն ձեւակերպված չէին։

 

Դրանք Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնին, պետական ֆիլհարմոնիկին, կամերային երաժշտության թատրոնին, Սունդուկյանի, Պարոնյանի անվան թատրոններին, Գյումրիում Աճեմյանի անվան թատրոնին, Գորիսի, Արտաշատի դրամատիկականին, մի շարք այլ մշակութային հաստատություններին ամրագրված տարբեր արժեքի տարածքներ էին։ Կառավարությունը վերջերս կանոնակարգեց այս հարցը՝ տարածքներն անհատույց օգտագործման հանձնելով Մշակույթի նախարարությանը։

 

Փաստորեն, Արմեն Ամիրյանին առանձնապես չի հուզում, թե ինչու էր դա այդպես, ո՞վ է մեղավոր և ի՞նչ են շահել դրանից՝ օրենքը շրջանցողները: Սա բացահայտելը ներկա պահին Ամիրյանի շահերից չի բխում: Կարծես թե նախարարը ջանում է հետ չմնալ Հասմիկ Պողոսյանի ձեռքբերումներից և իր հերթին նույնպես ֆունդամենտալ կերպով աղճատել մեր մշակութային արժեքների համակարգը: Հավանաբար, գույքի օրինական ձեւակերպումների հարցն արդիական է դարձել նախարարի հեռու գնացող ծրագրերի ներքո։ Եվ նոր պրոյեկտների պետք է սպասել, ինչպիսիք են Օպերայում ռեստորանի կառուցումը կամ Սեւանի ջրերի տակ թանգարան-ակվարիումը։

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *