Կոմանդոսը բացահայտեց իրական թշնամուն

timthumb

Սովորաբար միայն հայ-ադրբեջանական լարվածության, պաշտպանական խնդիրների մասին խոսող գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, lragir.am-ին տված հարցազրույցում չի շեղվել ժանրից, բայց խիստ ուշագրավ մի համեմատություն է արել: «Ադրբեջանի վրա, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի կարողանում ազդել, և իր հարստությունը իրեն թույլ է տալիս իրեն այդպես լկտի պահելու, ինչպես մեր օլիգարխները, որ Երևանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են վարում»,- ասել է գեներալը:

Առաջին անգամ չէ, որ Կոմանդոսը նմանատիպ մեսսիջներ է հղում իշխանություններին, սակայն այս անգամ համեմատությունն ինչ խոսք՝ սուր էր: Արկադի Տեր-Թադևոսյանը իր այս խոսքով փաստացի ընդգծում է, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է՝ դա Հայաստանի ռեսուրսը մսխած օլիգարխիան է, որի վրա ոչ ոք չի կարողանում ազդել եւ որը մերկացրել է հայկական բանակի թիկունքը: Սա արդեն ցանկացած պետականության նույնիսկ գոյության համար է իրական սպառնալիք, քանի որ, եթե քաղաքական ուժը, գտնվելով իշխանության ղեկին, հրաժարվում է իր գործունեության հետևանքների համար պատասխանատվությունից, դրանով իսկ բացահայտ ցույց է տալիս, որ իշխանության գալն իր համար ինքնանպատակ է և ինքնաբավ շահեր է հետապնդում: Նման պայմաններում արդեն բավական դժվար է խոսել անգամ քաղաքական համակարգի մասին, քանի որ, եթե իշխանությունը գտնվում է մի ուժի ձեռքում, որն ավելի շատ հիշեցնում է գործարարների միություն՝ համեմված քրեական ու թաղային կամ քաղաքային հեղինակություններով, ապա քաղաքական համակարգը վերածվում է սեփական շահերը հետապնդող կորպորացիայի: Մյուս կարևոր ակնարկը այն է, որ Հայաստանում իշխանության հիմքը հենց փողն է, հարստությունը: Բանն այն է, որ Հայաստանում ձեւավորվել է մեծահարուստների մի խավ, որի կապիտալի կուտակումը իրականացվել է մեղմ ասած հարցեր առաջացնող ճանապարհով, եւ այդպես էլ շարունակվում է:

Իշխանության ձեւավորած օլիգարխիան ժամանակի ընթացքում հասավ մի աստիճանի, երբ արդեն ոչ թե իշխանության պատվերով գործում էր հասարակության դեմ, այլ ուներ հստակ, գիտակցված սեփական շահերը եւ այն պահանջի տեսքով ներկայացնում էր արդեն հավասարապես թե հասարակությանը, թե իշխանությանը՝ մաս կազմելով այդ իշխանությանը, եթե ոչ հանդիսանալով ամբողջ իշխանությունը:

Ինչ վերաբերվում է Արցախյան հակամարտությանը, ապա Կոմանդոսի շեշտադրումը նաև խոսում էր այն մասին, որ եթե Հայաստանը միջազգային հանրությունից պահանջում է սանձել Ադրբեջանի լկտիությունները, իր խոսքին կշիռ, բովանդակություն տալու համար հենց երկրի ներսում պետք է բացառի զոռբայության որևէ դրսևորում: Կոմանդոսը պատահական մարդ չէ, նա, լավ իմաստով, ներկայացնում է ռազմական էլիտան՝ այն սեգմենտը, որն իրեն պատասխանատու է զգում երկրի պաշտպանության համար, բայց թերևս ապահովված չի համարում իր թիկունքը: Երբ երկրում կա օրինականության ու արդարության լուրջ պակաս, իսկ սահմանը պաշտպանում են անապահով ընտանիքի զավակները, այն պարագայում երբ պաշտոնյաների ու օլիգարխների որդիները Երևանում և ոչ միայն սավառնում են թանկարժեք մեքենաներով, բարիկադը, անկախ բոլորիս կամքից, բայց իշխանության մեղքով, հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխվում է երկրի խորքերը:Հենց դա էր իր խոսքում փորձում հասկացնել Կոմանդոսը: Բայց հասկացրե՞ց արդյոք…

 

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *