«Կուլակաթափության» վախը սրտերում…

timthumb

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ խնդրել է իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կահավորման համար: Հետագայում այս Կենտրոնը զինհաշմանդամների համար կծառայի նաեւ որպես ուսումնական կենտրոն, որտեղ տղաները կստանան նոր աշխատանքային հմտություններ եւ արդյունքում` աշխատանք: Ներկա դրությամբ հազար դոլար ներդնելու վերաբերյալ Անահիտ Բախշյանի կոչին ոչ մի մարզպետ դեռեւս չի արձագանքել:

Գուցե մարզպետների մոտ լուրջ մտավախություն է առաջացել, որ այդ դեպքում իրականություն կդառնա ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ հարուստների քսակները դատարկելու կոչ-ցանկությո՞ւնը: Տեղական իշխանիկների աթոռին բազմածներին իհարկե ավելի հոգեհարազատ է նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը, որը նա բազմիցս հնչեցրել է, հայտարարելով, որ անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չենք հասնի; Իսկ ինչո՞ւ են հայ պաշտոնյաներն այդքան դժվար դատարկում քսակները, նույնիսկ այս՝ թվում է, թե ռազմահայրենասիրական բաղադրիչ ունեցող հարցում: Դրսի հայ մեծահարուստները վաղուց արդեն «կուտը չեն ուտում» (որովհետեւ տեսել են, թե ինչպես են ծախսվում իրենց գումարները)։ Ինչ վերաբերում է Հայաստանում ապրողներին, ապա մեզանում օրինական ճանապարհով մեծահարուստ դարձածներ համարյա չկան, եթե մեկ-երկու հոգի էլ կան` ենթադրվում է, որ տեղը տեղին վճարել են բոլոր հարկերը, ու հետեւաբար` հեչ պարտավոր չեն լրացուցիչ «բացել քսակները»։ Անահիտ Բախշյանի առաջարկ-խնդրանքը ցայտնոտային իրավիճակ է ստեղծել մարզպետների մոտ: Նրանք բավական նուրբ կացության մեջ են հայտնվել, քանի որ չեն կարող պնդել, թե իրենք աշխատավարձով են ապրում, որովհետեւ Հայաստանում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով այդքան միամիտ կլինի եւ կհավատա նման պնդումներին: Մյուս կողմից էլ՝ եթե մարզպետները արձագանքեն, ապա այս ակցիան կարող է նախադեպ դառնալ:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *