Կրթական համակարգն՝ անկումային վիճակում

timthumb (1)

Կրթական համակարգը մեր երկրում այն ոլորտներից է, որտեղ երբեք խնդիրների, անլուծելի թվացող պրոբլեմների պակաս չի եղել. դպրոցների օպտիմալացումից մինչև կրթության վճարներ, ապօրինի դրամահավաքությունից մինչև ճչացող կոռուպցիա: Հայաստանում ոչ պետական բուհերն ի հայտ եկան գրեթե անկախությանը զուգահեռ, ու 90-ականներին հատուկ նպատակային քաղաքականության արդյունքում ասպարեզ իջան մասնավոր բարձրագույն կրթական հաստատություններ, որոնք, պայմանավորված հայաստանյան ռեալներով, հետզհետե սկսեցին բավական լայն մասսայականություն վայելել. այդ կրթօջախների շնորհիվ Հայաստանում բարձրագույն ուսում ստանալը շատերի համար դադարեց լինել երազանք:Ժամանակի ընթացքում, սակայն, ինչպես և շատ բաներ մեր երկրում, մասնավոր բուհերը ևս սկսեցին յուրատեսակ դեգրադացիոն շրջափուլ ապրել՝ հետզհետե կորցնելով ունեցած հեղինակությունը, ու հիմա արդեն մատների վրա կարելի է հաշվել այն մասնավոր բարձրագույն ուսումնական հսատատությունները, որոնց մատուցած ծառայությունները կարող են բավարարել ժամանակի պահանջներին:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրերս հայտարարել էր, թե առաջիկայում ծրագրում են կրճատել մասնավոր բուհերի քանակը՝ դրանցում ուսանողության թվի շեշտակի նվազմանն ի պատասխան: Ասել կուզի՝ ԿԳ նախարարությունն առաջիկայում նախատեսում է օտիմալացնել բուհական համակարգը. մասնավոր բուհերից շատերը ստիպված են լինելու դադարեցնել իրենց գոյությունը: Աշխարհում այս կամ այն երկրի կրթության ոլորտի կայացվածության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս հաշվի են առնում նաև մասնավոր բուհական համակարգի կայացվածությունը: Այսօր ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանն այդ առումով շատ քիչ բան ունի պարծենալու. մեզ մոտ նույնիսկ պետական բուհերն են հայտնվել փլուզման եզրին, ուր թե՝ մասնավորները:

Սակայն հասկանալու համար, թե ինչու մեզ այդպես էլ չհաջողվեց կայացնել մասնավոր բուհական համակարգը, հարկավոր է  հաշի առնել մի քանի գործոններ: Նախ՝ ակնհայտ է, որ կրթական համակարգը տնտեսության անքակտելի մասնիկն է. ցանկացած լումա՝ ծախսված ուսման վրա, համարվում է արդարացված, եթե կրթություն ստացողը գոնե որոշակիորեն երաշխիքներ է ունենում, որ տարիներ հետո կկարողանա գտնել համապատասխան աշխատանք իր մասնագիտությամբ: Հայաստանում, ցավոք, ելնելով մեր երկրի տնտեսական վիճակից, քաղաքացին այդ երաշխիքը չունի ու այսօր գործազուրկ են ոչ միայն  մասնավոր կրթօջախներ ավարտածներն, այլև Հայաստանի առաջատար պետական համալսարանների առաջատար ֆակուլտետների դիպլոմների սեփականատերերը: Երկրորդ ամենակարևոր խնդիրը պետության կողմից նպատակային քաղաքականության բացակայությունն է: Ավելին՝ մի շարք փորձագետներ կարծում են, որ հատկապես վերջին շրջանում հենց պետությունն է փորձել հնարավորինս թուլացնել այս համակարգը:

Իսկ թե ինչու, պատճառաբանել կարելի է երկար: Ոմանք, օրինակ, համոզված են, որ փակելով  մասնավոր բուհերը՝ ԿԳ նախարարությունը լուծում է պետական բուհերում տարեցտարի ուսանողների կրճատման խնդիրը. ասել կուզի՝ կրկին չարաբաստիկ դեմոգրաֆիան է իր գործն անում: Ուրիշներն էլ թե՝ պատճառը թաքնված է փողի մեջ. կրթության բնագավառի բարեփոխումներին պարբերաբար միջազգային ֆինանսական կառույցների կողմից հատկացվող փողերի օպտիմալ ու հասցեական օգտագործման խնդիր կա. բնականաբար՝ նախարարությանը ձեռնտու է, որպեսզի այդ ֆինասնական միջոցներից օգտվեն առաջին հերթին պետական բուհերը: Բայց ինչպիսին էլ լինեն խնդրի դրդապատճառներն, ակնհայտ է, որ պրոցեսը չի կարող լավ բանի մասին վկայել. այս ամենը խոսում է ՀՀ կրթության համակարգի անլուծելի խնդիրների մասին, ու եթե, ասենք, մի շարք ԱՊՀ երկրներում մասնավոր ու պետական բուհերի միջև տարբերությունը բոլոր առումներով զրոյական է, իսկ դրանց միջև ծավալվող մրցակցությունն՝ անչափ թեժ, ապա մեզանում ճիշտ հակառակն է. նույնիսկ պետական բուհերն այլևս միմյանց հետ չեն մրցակցում, ու ոլորտում լճացած վիճակ է:

Թե ինչպես է պետությունն, առհասարակ, պլանավորում լուծել մասնավոր բուհերի զանգվածային փակման հետևանքով անխուսափելիորեն առաջ եկող սոցիալական խնդիրները, սա արդեն միանգամայն այլ թեմա է, քանի որ մեզանում, հայտնի փաստ է, ինչ-որ քայլ նախաձեռնելիս ամենվերջինը մտածում են հենց սոցիալական հետևանքների մասին. ստիպված ենք լինելու գործազրության նոր աճ արձանագրել, իսկ արդյունքում՝ միայն  անհայտություն:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *