Կրկին ջրից չոր դուրս եկավ.Դավիթ Հարությունյանի բնածին տաղանդը

timthumb (3)

Ինչպես երևում է՝ Հ1-ի եթերում «Լավ Երեկո» հաղորդաշարի ընթացքում կանանց գաղութում արված ռեպորտաժի խմորը դեռ շատ ջուր է տանելու: Այն բանից հետո, երբ հանրությունը բոլորին փնովելուց և մեղադրելուց հետո տվեց ամենակարևոր հարցը՝ «լավ, իսկ ո՞ւր էր Արդարադատության նախարարությունը», վերոնշյալ գերատեսչությունն, ի դեմս ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ միացավ համընդհանուր դժգոհությանը և արտահայտեց իր հեղինակավոր կարծիքը: Հարությունյանը Հ1-ի ղեկավարությանն արժանացրեց Սվիտալսկու ճակատագրին՝ հոխորտալով և «կյանք սովորեցնելով»: Ի դեպ, դրա իրավունքը նախարարը բնավ էլ չուներ:
Արժէ իրոք հասկանալ՝ սուբորդինացիոն ո՞ր մեխանիզմով է նախարարը նկատողություն անում մեդիա դաշտի խաղացողներից մեկին: Դավիթ Հարությունյանը նման իրավունք պարզապես չունի, եթե նույն միջազգային հանրության աչքերին ցանկանում է շարունակել թոզ փչել և ամեն քայլափոխի հպարտորեն հայտարարել ժողովրդավարական բարեփոխումների մասին: Քիթը այլ ոլորտներ խոթելու փորձ Հարությունյանն ունի՝ ժամանակին էլ էներգետիկայի նախարարի պաշտոնն էր փորձարկում՝ նոր ատոմակայանի համար անհրաժեշտ ծախսը հաշվարկելով: Նախարարը կարող էր որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ հայտնել իր կարծիքը, սակայն նկատողությունը, այն էլ՝ լրատվական դաշտը ներկայացնող սուբյեկտին՝ որևէ կերպ նրա պաշտոնական լիազորությունների շրջանակում չի տեղավորվում, հետևաբար, նախարարի այս քայլը ոչ այլ ինչ է, քան վերոնշյալ լիազորությունների հերթական չարաշահում:
Հ1-ը Հարությունյանի հոխորտանքից իհարկե ազդվեց՝ տեսանյութը հեռացվել է, ներողություն էլ՝ խնդրել են: Ժողովրդավարական երկիր ենք՝ հո զոռո՞վ չէ: Բայց Հարությունյանի արդար զայրույթը այսքանով չսահմանափակվեց: Տաք ձեռքի տակ ընկավ նաև կանանց գաղութի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը, ով հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Նրա փոխարեն նշանակվել է Գայանե Վարդանյանը:
Իհարկե, զավեշտալի կլինի ենթադրել, որ Արտակ Հարությունյանը առավոտյան զարթնել է և առանց Արդարադատության նախարարության «դաբրոյի» որոշել նպաստել Հայաստանում ազատ խոսքի արտահայտմանը և Հ1-ի ժամանցային ծրագրերի պրոմոութինգին: Գաղութի պետին, նման քայլի գնալու համար, անհրաժեշտ էր Դավիթ Հարությունյանի «դաբրոն», որն էր թերևս ստացել է, եթե հիմա նախարարը որոշել է մեղավորության սլաքներն ուղղել ենթակաների, ԶԼՄ-ի վրա՝ ցանկանալով թաքցնել իրական մեղավորին և ջրից չոր դուրս գալ: Իսկ իրականում՝ Արուսիկի ռեպորտաժը հնարավոր չէր լինի, եթե անհասկանալի չափորոշիչներով առաջնորդվող Արդարադատության նախարարությունը սկզբում չտար համապատասխան թույլտվություն, հետո էլ թռներ իր իսկ ընդունած որոշումից, ձեռքի հետ էլ ուտելով «Աբովյան» ՔԿՀ պետի «գլուխը»: Ի դեպ, խիստ կասկածներ կան, որ նոր նշանակումից հետո  «Աբովյան» ՔԿՀ-ում ժովովրդավարության կտրուկ աճ կարձանագրվի: Ըստ որոշ տեղեկությունների, Հ1-ի ռեպորտաժի հանդեպ առկա աժիոտաժի գլխավոր նպտակը հենց պետի փոփոխությունը «սղղացնելն» էր, քանի որ  Գայանե Վարդանյանի՝ այս պաշտոնին նշանակվելու գործում իր նշանակալից դերն ունի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը, ով մինչ նշանակումը բավականին երկար ժամանակ զբաղվել է Վարդանյանի լոբբինգով։
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *