Կրկին փորձեք. ԱՄՆ-ը չի հավատում իշխանությունների արցունքներին

timthumb (6)

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, որի միջոցով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները և օգնել Հայաստանին և Արցախին: Մինչդեռ, որքան էլ դրական լինեն պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Արփինե Հովհաննիսյանի գնահատականները այս այցի կապակցությամբ, փաստ է այն, որ ԱՄՆ-ն չի շտապում վերադարձնել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների ցանկ: Հայաստանը նախկինում այս ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։ Սերժ Սարգսյանն իր իշխանության տասը տարիներին առաջնահերթություն էր դարձրել Հայաստանի մասնակցության վերականգնումն այս ծրագրին, որը, ինչպես երևում է, ոչ մի կերպ չի ստացվի։ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ՀՄՀ-ի ծրագրերի իրականացումը ամբողջովին չդադարեցնելու պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը չի ցանկացել իշխանությունների մեղքերի համար ամբողջությամբ պատժել հայ ժողովրդին:
Արփինե Հովհաննիսյանն, իբրև ԱԺ փոխնախագահ, պետք է որ քաջատեղյակ լինի՝ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման վրա։ Հետևաբար, եթե ակնկալում ենք դրական քայլեր ամերիկյան կողմից, ապա պետք է առնվազն մեկ քայլ անենք մեր կողմից՝ ուղղված այդ խոչընդոտների վերացմանը: Առաջին խոչընդոտը շահերի բախումն էր։ Որպես ծրագիրը վերահսկող մարմնի՝ շահառուների խորհրդի անդամներ, իրավունք չունեն մասնակցելու ծրագրի կատարման համար հայտարարված մրցույթին, սակայն նրանցից ոմանք, ովքեր ունեին իրենց բիզնեսը, դիմում էին և շահում մրցույթում: Երկրորդ խոչընդոտն այն է, որ ՀՀ-ն չապահովեց Հիմնադրամի 6 չափորոշիչները՝ քաղաքական ազատություն, տնտեսական զարգացում և այլն։ 2017թ.-ի համար Հայաստանը 20-ից 14 ցուցանիշով դրական գնահատվեց, որից մեկը «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն էր, բայց մնացյալ 6 բացասական գնահատված ցուցանիշների մեջ մտնում էր նաև կոռուպցիայի ցուցանիշը, որի դեպքում Հայաստանը չկարողացավ հաղթահարել կորպորացիայի կողմից սահմանված շեմը։ Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելիի մոտ կոռուպցիայի ցուցանիշը պետք է ավելի վատ լիներ, քան Հայաստանի ցուցանիշը, սակայն Հայաստանի դեպքում 52%-ը այդ երկրներից կոռուպցիայի դեպքում ավելի լավ ցուցանիշ ուներ, և այս առումով Հայաստանը նրանցից հետ է մնում:
Տարօրինակ զուգադիպությամբ, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունն օրերս կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Փետրվարի 21-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Ելք»-ի այս հայտարարության նախագծին։ Նախագծով դատապարտվում է 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունները, իրավապահներից պահանջվում է սեղմ ժամկետում բացահայտել ու պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչներին, առաջարկվում է արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ու վիրավորներին։ Դժվար է պատկերացնել, որ իշխանությունները իրապես մտադրվել են լուրջ քայլերի գնալ, սակայն ապրիլից հետո ֆինանսական ռեսուրսի պակասը էլ աելի զգայուն է դառնալու, և Սերժ Սարգսյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է լինելու նման ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Ինչ կշահի դրանից Հայաստանը՝ դժվար չէ կռահել, գլխավոր շահող կողմը լինելու է օրվա իշխանությունը և հենց դա է պատճառը, որ ամերիկյան կողմը չի շտապում կանաչ լույս վառել ՀՀ առջև:Կօգնի՞ արդյոք Մարտի 1-ի հետաքննության իմիտացիան՝ համոզել ԱՄՆ-ին՝ ՀՀ իշխանությունների անկեղծության մեջ…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *