Կօգտվի՞ Սերժ Սարգսյանը շահեկան իրավիճակից…

timthumb (1)

ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:
Հիշեցնենք՝ դեռևս 2015 թվականին էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում հստակ դրել էր Արցախյան հակամարտության շուրջ միասնական տեսակետի հստակեցման անհրաժեշտության հարցը: Նախագահը մասնավորապես ասել էր՝ «Չեմ ուզում դարձյալ կանգ առնել այդ հարցի վրա, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված` ադրբեջանական կողմի փորձերը միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»: Նախ նկատենք, որ Հայաստանի նախագահն այս հայտարարությունն արել է ոչ թե, ենթադրենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվավոր ամբիոնից, այլ ՀԱՊԿ-ում, որտեղ, ինչպես հայտնի է, բոլորն իրար դաշնակից են: Այսինքն, ՀԱՊԿ-ը, ի տարբերություն նույն ՄԱԿ-ի, ոչ միայն միջազգային հանրություն է (դրա մի մաս, անշուշտ), այլեւ Հայաստանին դաշնակից միջազգային հանրություն, որտեղ Հայաստանի շահը պետք է գերակա լինի, ենթադրենքՙ կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահից:
Սակայն նկատենք, որ Հայաստանի նախագահի հիշյալ հայտարարությունից հետո ՀԱՊԿ դաշնակիցներից եւ ոչ մեկը ընթացք չի տվել Սերժ Սարգսյանի մտահոգություններին եւ «ադեկվատ վերաբերմունքի չի արժանացրել իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերը»: Ավելին, գագաթնաժողովի ավարտին, երբ կազմակերպությունն ընդունել է համատեղ հայտարարություն, խոսք անգամ չկար հայ-ադրբեջանական սահմանային կամ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի աճող լարվածության մասին, հետեւաբար, այս ամենը ՀԱՊԿ-ի համար ընկալելի չեն որպես տարածաշրջանային լարվածություն, կամ մարտահրավեր` կազմակերպությանը: Արդյունքն Ապրիլյան պատերազմն էր: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը չունի հայերի հանդեպ այնպես վարվելու հնարավորություն, ինչպես մինչև ապրիլ: Ռուսաստանի այս վարքագիծն, իհարկե, կարող է որոշակիորեն ազդել նաև ՀԱՊԿ վարքագծի վրա, քանի որ այդ կառույցում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում:
Այժմ իրավիճակն այլ է, միևնույն ժամանակ՝ այդ իրադրությունը Հայաստանին նվեր չէ, որ մատուցել են ուժային կենտրոնները: Դա, որոշակիորեն, Ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի կատարածի և միաժամանակ նաև աշխարհաքաղաքական մի շարք առանցքային ուժային կենտրոնների ռազմավարական շահերի ներդաշնակության արդյունքն է: ՀՀ իշխանությունների համար նոր հորիզոններ են բացվում, մեծանում է Հայաստանի միջազգային սուբյեկտայնության մակարդակը, ինչն էլ ենթադրում է պատասխանատվության ավելացում: Նոյեմբերը իրապես Հայաստանի ամիսը կարելի է համարել, բայց՝ միայն փաստաթղթային մակարդակում: Իսկ իրականության մեջ մենք նոր խնդիրների ենք բախվելու: Հայաստանի քաղաքական համակարգը, հանրային-պետական ինստիտուտներն ու կառույցներն ակնհայտորեն համարժեք չեն այս խնդիրներին: Եթե վերոնշյալ ասպեկտները չենթարկվեն խորքային փոփոխության՝ դժվար թե Հայաստանին հաջողվի օգտվել ստեղծված բարենպաստ միջազգային իրավիճակից:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *