Համահայկական խաղադրույք

timthumb.php

ԱԱԾ-ն շարունակում է բացահայտումները։  Թվում է՝ ժողովրդին ավելի սարսափելի բացահայտումներով հնարավոր չէր այլև զարմացնել, բայց…

Այս անգամ ԱԱԾ-ի տեսադաշտից չվրիպեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Մինչ սփյուռքը մտածում էր, թե իրենց համահայկական ջանքերով հայրենիքի շենացման գործին է մասնակցում, Արա Վարդանյանը հիմնադրամի գումարները թալանելով, խաղադրույքներով շենացնում էր օնլայն խաղատները։ Իր խոստովանության մեջ նա նշել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Միայն վերջին շաբաթվա ընթացքում նա հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Սա միայն երկու տարվա կտրվածքով։ Ակներև է, որ այս համահայկական խաղադրույքի արմատները շատ խորն են, այնինչ բազմաթիվ անօթևան գյումրեցիներ այս գումարներով կարող էին կացարան ունենալ։

Արա Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ «վերջին 10 տարում չեմ հիշում որևէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»։ Իհարկե, արդեն պարզ է, թե «որտեղ է թաղված շան գլուխը». չէ՞ որ Վարդանյանն անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը։

Հետևելով Արա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումներին, կարելի է ենթադրել, որ գործ ունենք աշխարհի ամենաանաչառ մարդու հետ, ով իր կյանքը նվիրում է անապահով և կարիքավոր մարդկանց խնդիրները բարձրաձայնելուն և նրանց օգնելուն։ Պարզվում է, որ նրա անաչառությանը չի կասկածել նաև նոր կառավարությունը, մասնավորապես՝ Սփյուռքի և ԿԳ նախարարները բավականին լավ հարաբերություններ ունեն Արա Վարդանյանի հետ։

Նշենք, որ Արա Վարդանյանը 2004 թվականից աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում և 2009 թվականից զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը։ Այս տարի, մայիսի 25-ին, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ, Արա Վարդանյանը գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվեց։ Հարց է առաջանում՝ հոգաբարձուների խորհուրդն այդպես էլ չէ՞ր նկատել Վարդանյանի շորթումները, որ միաձայն քվեարկում էր, թե՞ այդ գործում նրա հանցակիցն էր։

Հարկ է նշել նաև, որ հենց սփյուռքից շատ հաճախ տարակուսանք են հայտնել՝ արդյո՞ք իրենց հանգանակություններն ամբողջությամբ են նպատակին ծառայում։ Մեր հասարակությունն էլ շատ անգամ բարձրաձայնում էր նման մտահոգություն, սակայն նախորդ իշխանությունն այդ հարցում եւս խուլ է ձևացել։

Հիմնադրամի պաշտոնական կայքում առկա տեղեկություններում նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի ավելի քան 700 հազար նվիրատու ամբողջ աշխարհից, և Հայաստանի բոլոր քաղաքներում ու Արցախում բազմաթիվ բարեգործական նախագծեր է իրականացրել։ Այս տարվա հուլիսի 1-ին  նախատեսվում էր անցկացնել ամենամյա  հեռուստամարթոնը ԱՄՆ-ում՝  Գյումրիի տնակներում բնակվող ընտանիքներին օգնելու  նպատակով։  Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այժմ հնարավոր կլինի սփյուռքի մոտ վերականգնել հիմնադրամի գործունեության նկատմամբ վստահությունը։

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը ՀՀ Նախագահի՝ 2015թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործում է 1992 թվականից։ Հիմնադրամի ստեղծման նպատակն է աշխարհի հայության կողմից ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարով Հայաստանում և Արցախում  բարեգործություններ իրականացնել։

Իսկ թե Վարդանյանից հետո ով կլինի ԱԱԾ-ի ցուցակում հաջորդը, կիմանանք հաջորդիվ:

 

Արմինե Արմենակյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *