Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բողոքի ցույցեր էին իրականացվում: Բանն այն է, որ բակիչները պահանջում էին իրենց 34 տարվա համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով ֆինանսական չարաշահումների, թալանի և ոչ ճիշտ կառավարման մեջ: Սրան հետևեց մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը. նա նշանակեց ժամանակավոր պաշտոնակատար, ինչը դժգոհություն առաջացրեց համայնքապետի մոտ:
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Եղեգնուտի համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ համայնքում անօրինություններ են տեղի ունենում, և ինքը դիմել է դատարան՝ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը չեղարկելու համար:
«Դատարանը գործը վարույթ է ընդունել և որոշում է կայացվել մարզպետի որոշումը կասեցնել մինչև դատական վերջին ակտը: Խոսքն այն որոշման մասին է, ըստ որի՝ ես պետք է պաշտոնավարեմ՝ մինչև դատարանը վերջնական ակտ կայացնի: Իսկ մարզպետը չի կատարում որոշումը. ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ռազմիկ Մկրտչյանին, որը ոչինչ չի հասկանում թղթերից: Դատարանի որոշումը ձեռքներիս՝ չենք կարողանում պարտադրել, որ իր պարտականությունները կատարի: Մարզպետը շարժվում է զուտ իր պրինցիպներով: Իր հետ բանակցություններ ունեցել ենք, ասել է՝ գրավոր դիմեք՝ կպատասխանեմ, բայց չի պատասխանում: Հիմա էլ ժամանակավոր պաշտոնակատարը նստած՝ ապօրինի թղթեր է կնիքում, որի իրավունքը չունի: Ըստ օրենքի՝ իր լիազորությունները կասեցված են»,- նշեց նա:
Մարգարյանը նշեց՝ 540 ստորագրություն են հավաքել, ըստ որի՝ բնակիչները ուզում են իրենց գյուղապետը մնա, աշխատի. «Մենք պահանջում ենք, որ մարզպետը կատարի դատարանի օրինական որոշումը: Ինքը կառավարության դիմաց հայտարարում էր՝ եթե լինի դատարանի որոշում՝ սրբորեն կկատարի, ուրեմն՝ թող կատարի: Եթե կպարզեն՝ մենք սխալ ենք, թող իրենց ժամանակավոր պաշտոնակատարը գա, պաշտոնավարի»,- ասաց Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով՝ ցույցերի կազմակերպիչները ԺՊ նշանակված Ռազմիկ Մկրտչյանն ու իր մերձավորներն են:
Նշենք, որ Ռազմիկ Մարգարյանը հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն հաջորդ օրը ավագանու հորդորներով դիմումը ետ էր վերցրել։
Ստորև ներկայացնում ենք դատարանի որոշումը.
Սոնա Հարությունյան

