«Հայանտառ»-ի աշխատողները զենք կկրեն. ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում

timthumb

Նոյեմբերի 30-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ, նշվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կդառնա կոմիտե և կտեղափոխվի ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Պարզելու համար, թե ինչ է ենթադրում սա ՝ ԼՈւՐԵՐ.com-ը  զրուցել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

— Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս որոշումը: 

— «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել էր կառավարություն, որպեսզի վերածվի կոմիտեի: Հարցն արծարծվում էր շատ վաղուց և որոշումն էլ վաղուց պետք է կայացվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է: Ի վերջո, վարչապետ Կարեն Կարապետյանը վճռականություն դրսևորեց և հարցն արդեն փոխանցված է նախագահին:

— Ըստ էության, ո՞րն է կոմիտեի և ՊՈԱԿ-ի էական տարբերությունը։ Ի՞նչ նշանակություն կունենա և արդյո՞ք կառավարման առումով ճիշտ է այս փոփոխությունը:

— Խոսքն իրականում գործառույթների մասին է, որոնք փոփոխությունների կենթարկվեն: Գիտեք՝ մեծ խնդիրներ կան ապօրինի անտառապատումների հետ կապված: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործիքակազմը բավարար չէր ապօրինի հատումների դեմ պայքարելու համար: Հայեցակարգով անտառային ծառայություն ստեղծելու և պահպանություն իրականացնելու կարևորագույն խնդիր է դրված, իսկ ՊՈԱԿ-ի կարգավիճակում անտառն այդպիսի ծառայություն չի կարող ունենալ: Պահպանությունը դրված է զուտ անտառտնտեսությունների մասնաճյուղերի վրա, իսկ այնտեղի աշխատողները բավարար գործիքակազմ չունեն և ընդհանուր կառուցվածքն այնպիսին չէ, որ կարողանա կատարել այդ գործառույթները: Այս փոփոխությունների արդյունքում, հետևաբար, կբարձրանա նաև աշխատանքի արդյունավետությունը:

— Հաստիքացուցակում փոփոխություններ կլինե՞ն կոմիտեի վերածվելու պարագայում:

— 

 

Այս պարագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ավելի շատ կառուցվածքային փոփոխություններ կկրի, քան հաստիքային: 

 

Սակայն, եթե որոշ մարդիկ չհամապատասխանեն ծառայության գործառույթներին, բնականաբար, այս մասով ևս փոփոխություններ կլինեն: Պետք է զենք կրեն, համազգեստ հագնեն, եթե մարդիկ գտնվեն, որ չհամապատասխանեն նման գործառույթներ իրականացնելուն՝ չեն մնա համակարգում:
— Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց՝ փոփոխությունները կլինեն 3 տարի հետո: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նկատեց, որ նշված ժամանակահատվածը բավականին շատ է ռեֆորմի համար: Հնարավոր չէ՞ ավելի կարճ ժամանակում փոփոխություններն իրականացնել:

— Վարչապետը ճիշտ նկատեց: Սակայն հարցը ռեֆորմի մասին չէր, քանի որ այն մի քանի ամսվա աշխատանք է և մենք ավարտին կհասցնենք մոտ երեք ամսվա ընթացքում: Հավանաբար նախարարը նկատի ուներ հեռահար, երկարատև ներդրումային ծրագրերը, ոչ թե կոնկրետ ռեֆորմը:

— Ընդհանուր առմամբ, ոլորտն ի՞նչ խնդիրներ ունի: Նկատենք, որ այս տարի հանրապետության ամբողջ տարածքում գրանցվեց հրդեհների աննախադեպ քանակ։ Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել։

— Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այս ոլորտում՝ խնդիրներ կան։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարևորագույն խնդիրն է անտառի կայուն կառավարումը, որի մեջ մտնում է թե՛ պահպանումը, թե վերականգնումը, թե՛ անտառհիմնումը: Այս ոլորտում ոչ կարևոր բան չկա:
Ճիշտ եք նկատել. այս տարի շատ հրդեհներ եղան, սակայն դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է անտառամերձ շրջաններում աշխատանքներ տանել բնակչության հետ։
Կանխարգելիչ միջոցառումներ միշտ են կատարվել։ Մինչև հրդեհներն էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  բոլոր անտառտնտեսությունների տնօրենների հետ խորհրդակցություններ ենք անցկացրել։ Մեր գերխնդիրն է պահպանել անտառները և ավելացնել դրանք: Այդ ուղղությամբ արդեն իսկ փոփոխություններ են կատարվել, բավականին մեծ ծավալով հատումները դադարեցվել են: Շուկայում փայտի թանկացումը վկայում է այն մասին, որ ապօրինի հատումները կրճատվել են:
— Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարների աշխատանքը:
— Նախորդների աշխատանքը նորմալ եմ գնահատում, վատ բան ասել չեմ կարող: Բայց պետք է նշեմ, որ բարեփոխումների խնդիր կա և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են արվում: Այս ընթացքում արված կարևորագույն բարեփոխումներից էր հայեցակարգի ընդունումը, քանի որ ի վերջո կստեղծվի պահպանության ծառայությունը:
Նշենք, որ դեռևս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի պաշտոնավարման օրոք վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ էր անտառների վիճակից։ Սրա արդյունքում՝ Մարտուն Մաթևոսյանն ազատվեց գրեթե 13 տարի զբաղեցրած պաշտոնից, քանի որ ղեկավարությունը նրան մեղադրում էր թույլ կառավարման մեջ։ Սակայն հարկավոր է նշել, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վերջինս ներգրավված էր ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ։ ԱԱԾ-ն էլ վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար:
Այնուհետև, Մարտուն Մաթևոսյանի՝ տնօրենի պաշտոնից զրկվելուց հետո, նրան փոխարինեց կրկին դաշնակցական՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Միքայել Մանուկյանը։ Իսկ ահա այդ շրջանում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, թե վերջինիս նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին։
Սրանք, իհարկե, զուտ խոսակցություններ են, իսկ թե ի՞նչ արդյունքներ կգրանցվի ոլորտում՝ սպասենք, կտեսնենք․․․
Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *