Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

timthumb (1)

New Europe, The New York Times, Project Syndicate, World Review պարբերականների՝ «Մեր աշխարհը» համատեղ տարեկան ամփոփագրում տպագրվել է Բարգավաճ Հայաստան Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի «Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկ» հոդվածը: Այս պարբերականում հրապարակումներով են հանդես եկել քաղաքական, հասարակական, տնտեսական հայտնի գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և այլք: Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հոդվածը:

Հայաստանը՝ Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկ

Որքան էլ մենք խոսենք համաշխարհային, գլոբալ խնդիրներից ու մարտահրավերներից, պետք է ընդունենք, որ այսօր մենք ապրում ենք բավականին հետաքրքիր, արագ փոփոխվող աշխարհում, երբ գություն ունեցող բազմաթիվ կոնստանտներ սկսում են քանդվել, կամ տրանսֆորմացվել։ Համաշխարհային տնտեսական օրակարգ ձեւավորող երկրներում մենք տեսնում ենք, թե ինչպես են գիտական տեխնոլոգիաների զարգացումը եւ նոր արդյունաբերական մոդելները ջարդում գոյություն ունեցող կարծրատիպերը։ Համաշխարհային տնտեսությունը այսօր ապրում է անդառնալի տրանսֆորմացիայի փուլ։ Աշխարհը կանգնած է նոր՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության շեմին, որը ջնջելու է տեխնոլոգիական հայտնի եւ ընդունված սահմանները, արմատապես վերափոխելու է տեխնոլոգիական եւ արդյունաբերական շղթաները։ Նոր արդյունաբերական հեղափոխության բնորոշիչներն են լինելու տարբեր տեխնոլոգիաների միաձուլումը, ինչպես նաեւ՝ թվային տնտեսության եւ թվային հասարակության ձեւավորումը։

Իհարկե, իմ երկիրը՝ Հայաստանը, դեռեւս հեռու է 21-րդ դարի այս լրջագույն տրանսֆորմացիոն զարկերակից, որովհետեւ մենք մեր երկրի ներսում դեռեւս շատ պարզագույն ու անհրաժեշտ խնդիրներ պիտի կարողանանք լուծել։ Բայց որ մրցունակ տնտեսություն եւ մրցունակ երկիր ունենալու համար մենք պիտի անցնենք տնտեսական նոր քաղաքականության՝ դա փաստ է, եւ դա անխուսափելի է։

Այդ նոր քաղաքականությունը ես անվանել եմ երեք հիմնամարտահրավերների հաղթահարման քաղաքականություն։ Առաջին՝ տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտություն։ Երկրորդ՝ սոցիալական բեւեռացման մարտահրավերի լուծում։ Եւ երրորդ՝ ներգաղթի կազմակերպում, որի համար մենք մեր երկրի ներսում լրջագույն խնդիրներ պիտի լուծենք՝ սկսած վստահության վերականգնումից մինչեւ հավասար մրցակցային պայմաններ։ Ահա այս հարցերը պետք է դառնան մեր երկրի օրակարգի զարկերակը։

Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է հնարավոր փոքր տնտեսություն ունեցող երկրում ձեւավորել ինովացիոն միջավայր՝ նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք պետք է դառնան նոր տնտեսական քաղաքականության շարժիչը։

Ընդամենը վերջերս Երեւանում իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային համաժողով, որի կարգախոսն էր՝ «Նոր քաղաքականություն՝ հանուն բարեկեցիկ աշխարհի»։ Դա բավականին հավակնոտ նախաձեռնություն էր, որի նպատակը աշխարհի տարբեր երկրներից հավաքված մեր գործընկերների հետ այդ նոր քաղաքականության մասին խոսելն ու նոր գաղափարների եւ մտքերի գեներացիան էր։

Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում է։ Երկիր, որը պատմականորեն եղել է Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր է կնքել Վիետնամի հետ, եւ այժմ քննարկվում են Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի և մի շարք այլ երկրների հետ առևտրատնտեսական համաձայնագրերի հնարավորությունները։ Հայաստանը նոյեմբերին համընդգրկուն համաձայնագիր ստորագրեց 500 միլիոնանոց շուկա ունեցող Եվրոպական Միության հետ։ Եւ Հայաստանը կարող է ինտեգրացիոն այս բեւեռների կամուրջ դառնալ։ Այս լավագույն հնարավորությունը չօգտագործելը կլինի աններելի։ Մեջբերեմ հրաշալի հայագետ Էլիզաբեթ Բաուերի խոսքը` «Հայաստանը եղել է քաղաքակրթության օրրան եւ մեր թվարկությունից առաջ դեռ 1-ին դարում Հայաստանի տնտեսությունը, արվեստը եւ ավանդույթները այնքան զարգացած էին, որ այդ մշակույթը խթան հանդիսացավ Եգիպտոսի, Հունաստանի եւ Հռոմի համար ինչպես նյութական, այնպես էլ հոգեւոր իմաստով»։

Կուսակցությունը եւ դաշինքը, որը ես գլխավորում եմ, առաջարկել է մեր երկրի զարգացման նոր տնտեսական մոդել, որի իրականացումը, ես հավատում եմ, սկիզբ կդնի Հայաստանի հաջողության պատմությանը։

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը դառնա այն փոփոխությունը, որը կփոխի աշխարհը։

Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

Հայաստան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *