Հայաստանը՝ տնտեսական և քաղաքական թակարդում

timthumb (1)

Վերջին օրերին հանրության և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը: Սա պայմանավորվում է հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի լարվածությամբ, որը նկատվում է վերջին շրջանում:

Ի՞նչ է տվել Հայաստանին՝ ԵՏՄ-ին անդամակցությունը: Սա ամենից շատ հնչող հարցերից մեկն է և, միևնույն ժամանակ՝ լիարժեք պատասխան չստացած հարցերից մեկը։ Դա զարմանալի չէ, որովհետև  ԵՏՄ-ին անդամակցության ազդեցության գնահատումը  լուրջ վերլուծական աշխատանք է ենթադրում։ Նման աշխատանք կառավարության պատվերով արվեց, որով գնահատվում էր 2015 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ազդեցությունը, սակայն մենք դեռ հստակ պատկերը չունենք։ Սա հիմք է տալիս, որ «եվրոպամետներն» ու «եվրասիամետները» ԵՏՄ-ի ազդեցությունը ներկայացնեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Օրինակ, եվրոպամետները համոզված են, որ խորացնելով մեր հարաբերությունները ԵՏՄ-ի ու մասնավորապես Ռուսաստանի հետ՝ ավելի ենք մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունը այդ երկրից և դարձել ավելի խոցելի՝ Ռուսաստանից եկող բացասական ազդակների նկատմամբ։ Մյուսները՝ հակառակը՝ պնդում են, որ ԵՏՄ-ին անդամակացությունը Հայաստանի առջև լրջագույն հնարավորություններ է բացել՝ 200 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք ստանալու և Եվրոպայի ու ԵՏՄ-ի միջև տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Նրանք համոզված են, որ եթե չենք կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից, ուրեմն խնդիրը մեր մեջ է։ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման հետ կապված՝ նրանք ասում են, որ եթե չանդամակցեինք, ապա ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պետք է առաջին հերթին դրական անդրադառնար ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության վրա։ Սակայն այս դեպքում գնահատականներ տալը չափազանց դժվար է, որովհետև առևտրի վրա ազդեցին բազմաթիվ գործոններ։ Օրինակ, 2014 թվականի վերջին ռուսաստանյան ռուբլու արժեզրկումը լուրջ դժվարությունների առաջ կանգնեցրեց Հայաստանի արտահանողներին. հայկական արտադրանքը դարձավ թանկ և անմրցունակ։

Ամեն դեպքում, Հայաստան-ԵՏՄ առևտրային հարաբերություններ ասելը չափազանցություն է, որովհետև Ռուսաստանից բացի մյուս երեք անդամների հետ առևտրաշրջանառության ծավալները չափազանց փոքր են։ Այսպես, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան- ԵՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 1.08 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 29.8 մլն դոլար է, Ղազախստանի հետ՝ 5.8 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունն այնքան քիչ է, որ այդ երկիրը անգամ առանձին տեղ չի գտնում արտաքին առևտրի մասին Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվող 4 տասնյակ երկրների շարքում:

ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրներն, առանց բացառության, ձգտում են կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և այլ կողմերի միջև: Օրինակ՝ հենց Հայաստանը: Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն ուղին «ընտրելու» գործընթացն ուղեկցվում էր ակտիվ քարոզչությամբ, որ ահա, Երևանն, իրականացնելով «և-և»-ի քաղաքականությունը՝ մի շատ կարևոր կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև: Ավելին, ըստ «կամուրջի» այսպես ասած տեսության՝ Հայաստանը պետք է իրար կապի նաև ԵՏՄ-ն ու Իրանը: Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են երկրի վարչապետի ու նախագահի կողմից, սակայն իրավիճակը դրամատիկ է այնքանով, որ Հայաստանը «կամուրջի» գործով չունի առաջընթաց և ունի լուրջ մրցակիցներ:

Վերջին տարիներին արդեն պարզ դարձավ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ տնտեսական վնաս է բերում, քան օգուտ… Թեև,  հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ այդ միությանն անդամակցումը ավելի շուտ ՀՀ անվտանգության համար էր, քան տնտեսության, Արցախյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն որևէ անվտանգության հարց չի լուծում: Սովորաբար, երբ որևէ պետություն անդամակցում է որևէ դաշինքի կամ միության, այն կատարում է հիմնականում երեք ասպեկտներից ելնելով: Դրանք են՝ 1.Անվտանգություն, 2. Տնտեսական շահ, 3. Քաղաքակրթական նույնականացում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն Հայաստանը մտցրել են մի միություն, որը մեզ համար չի ապահովում տվյալ երեք ասպեկտներից և ոչ մեկը: Անվտանգության ապահովման առումով ԵՏՄ-ն գործառույթներ չի իրականացնում, քանի որ այն ռազմաքաղաքական դաշինք չէ:

Ճիշտ է, Հայաստանը անդամակցում է ԵՏՄ անդամ երկրներից բաղկացած ՀԱՊԿ-ին, սակայն այս կազմակերպության անդամ երկրներ հանդիսացող Ռուսաստանը և Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին, որն օգտագործվում է Հայաստանի և Արցախի դեմ և դժվար է հավատալ, որ հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում այս կազմակերպության անդամ երկրները կպաշտպանեն Հայաստանին, նամանավանդ, որ Ղազախստանը, Բելառուսը և շատ հաճախ՝ նաև Ռուսաստանը պրոադրբեջանական դիրքորոշում են ընդունում և անտեսում են ՀՀ շահերը: Ավելին, ՀԱՊԿ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ Արցախի վրա Ադրբեջանի կողմից հարձակվելու դեպքում իրենք չեն միջամտելու: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որը ՀԱՊԿ պայմանագրով պարտավորվել է պաշտպանել Հայաստանին՝ այլ պետությունների կողմից հարձակումից, Արցախը չի դիտարկում որպես ՀՀ մի մասը և որևէ պարտավորություն չի ստանձնել Արցախի նկատմամբ ոտնձգություններ կատարվելու դեպքում:

Այս ամենի հանրագումարում կարելի է պնդել, որ  ԵՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին դեռևս շոշափելի ոչինչ չեն տվել:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *