Հայաստանը՝ 3-4 խոշորի ձեռքում

timthumb (4)

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել շուրջ 24.47 մլրդ դրամ հարկ: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը երկրորդ հորիզոնականում է՝ 14.61 մլրդ դրամ, Հայաստանի Էլեկտրական Ցանցերը երրորդն է՝ 11.88 մլրդ դրամ: Չորրորդ հորիզոնականում է գտնվում «Ալեքս Հոլդինգը», որը պետբյուջե է վճարել 11.26 մլրդ դրամ, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հինգերորդն է՝ 9.75 մլրդ դրամով, վեցերորդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդն է»՝ 8.16 մլրդ դրամ: ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը յոթերորդն է՝ 6.19 մլրդ դրամ, ութերորդ հորիզոնականում Թեղուտն է, որի վճարած հարկերը կազմում են 6.02 մլրդ դրամ: 9-րդ հորիզոնականում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է՝ 5.35 մլրդ դրամ: Տասնյակը եզրափակում է Ֆիլիպ Մորիս Արմենիան 5.13 մլրդ դրամ: 2016թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերն ու տուրքերը կազմել են 346 մլրդ 705 մլն դրամ:
Եթե դիտարկենք ցանկը, ապա պարզ կդառնա՝ 640-րդ հարկատուից մինչև 1000-րդը միասին վճարել են ավելի պակաս հարկ, քան միայն առաջին հարկատուն կամ առաջին 4 հարկատուները միասին վճարել են այնքան հարկ, որքան 330-րդ ընկերությունից սկսած մինչև 1000-րդը շուրջ 670 ընկերություններ միասին: 10 ամենախոշորներից ընդամենը երեքն են, որ տնտեսության մեջ ռեալ զարգացում են ապահովում: Դա առաջին հերթին խոսում է մեր տնտեսության գերկենտրոնոցվածության մասին, ողջ կապիտալը սահմանափակ թվով ընկերությունների մոտ կուտակված լինելու մասին և, որ տնտեսությունը սնվում է հենց այդ մի քանիսով: Եթե փորձենք փնտրել ու ձեւակերպել, թե ինչն է խանգարում մեր տնտեսությանը զարգանալու համար, ապա թերեւս անվիճելի է, որ կառանձնացվի երկու հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիա եւ տնտեսության գերկենտրոնացում՝ մոնոպոլիա:
Կառավարությունը ընդունո՞ւմ է, որ սրանք հիմնական խոչընդոտներն են. եթե ընդունում է, ապա ուզո՞ւմ է վերացնել դրանք։ Եվ եթե ուզում է, ապա ինչպե՞ս է դա անելու։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ խոշորները ավելի շատ են իրենց վրա կրում բյուջեն լցնելու պարտականությունը, բայց այստեղ կարեւոր է նաեւ հաշվի առնել այդ ընկերությունների շրջանառությունները` իրացումից հասույթը: Այսինքն` եթե պարզվի, որ Հայաստանի տնտեսության երկնիշ անկման պարագայում 300 խոշոր հարկատուների շրջանառությունները չեն նվազել կամ ավելի քիչ են նվազել, քան նրանց վճարած հարկերի նվազման տոկոսն է, դա կվկայի երկու հանգամանքի մասին: Առաջին` մեր տնտեսությունը շարունակաբար կենտրոնանում է մի քանի խոշոր ընտանիքների ձեռքում, երկրորդ` խոշորները շարունակում են խուսափել ու գնալով նվազեցնել վճարած հարկերի ծավալը: Համեմատաբար ավելի շատ հարկեր թաքցնում են այն գործարարները կամ ընկերությունները, որոնք ավելի քիչ ուղղակի հարկեր են վճարում, որովհետեւ հարկերի մյուս տեսակը` անուղղակի հարկերը, ըստ էության, վճարում են վերջնական սպառողները կամ գնորդները:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *