Հայաստանը կարող է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից

timthumb

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրեց հերթական սկանդալային որոշումը՝ Երուսաղեմը ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք:

Թրամփի այս որոշմանն արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցը համարելով միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը, որը  լուծում կարող է ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը հայկական կողմի արձագանքը որակեց ճիշտ՝ հաշվի առնելով մեր հարաբերություններն արաբական երկրների և այնտեղ ապրող հայկական համայնքների հետ. «Սա այն դեպքն է, երբ համաձայնում եմ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքի հետ: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, ապա պետք է նշեմ, որ նախագահն ընդամենը կատարեց այն խոստումը, որը տվել էր նախագահական քարոզարշավի ընթացքում, մյուս կողմից՝ Թրամփը լուրջ խնդիրներ ունի նաև ԱՄն սենատի հետ և այս քայլով փորձում է նաև այդ խնդիրները լուծել»,-ասաց Պապյանը:

Խոսելով Իրանի կոշտ արձագանքի մասին՝ Արա Պապյանը դա պայմանավորեց Իսրայելի և Իրանի միջև առկա թշնամական հարաբերություններով, որոնք առավել վատանալու այլևս տեղ չունեն. «Իսրայելի համար Իրանը մնում է թիվ մեկ հակառակորդը, իսկ մենք պետք է Իրան-Իսրայել հարաբերությունների մեջ չխորանալով, հիշենք կարևոր հանգամանք՝ պահպանելով մեր հարաբերությունները Իսրայելի հետ՝ չպետք է վատացնենք դրանք նաև ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի ազդեցիկ շրջանակների հետ»,-ընգծեց Պապյանը:

արա պապյան

Խոսելով Թուրքիայի բացասական դիրքորոշման մասին՝ քաղաքագետը կարևորեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների սրումը, որից պետք է հնարավոր օգուտները քաղի Հայաստանը. «Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների հետագա վատթարացումը էաականորեն շահեկան է մեզ համար: Իսկ թուրքական կողմից հնչոող սպառնալից հայտարարությունները նաև ձևական բնույթ են կրում: Քանի որ Էրդողանը հավակնում է լինել իսլամական աշխարհի առաջնորդ, նա կարող է էքսցենտրիկ հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն կարող դառնալ: Խոշոր հաշվով, պետք է արձանագրենք, որ նրանք, ովքեր ուզում էին գործել Իսրայելի դեմ, առանց Թրամփի այս նոր որոշման էլ դա անում էին»,-խոսքը եզրափակեց Արա Պապյանը՝ հավելելով, որ անկախ տարբեր երկրների կողմ կամ դեմ դիրքորոշումներից՝ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը բերելու է Մերձավոր Արևելքում անկայունության աճի:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *