Հայաստանը տեղեկատվական պատերազմների բնագավառում մեծ փորձ ունի. Սամվել Մարտիրոսյան

timthumb (3)

Համացանցը, փաստացիորեն հանդիսանում է պատերազմի ճակատներից մեկը: «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման դիտարկում կատարեց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմների բնագավառում մեծ փորձ ունի:
 
«Փաստացի, ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում: 2000-ականներից այդ պատերազմն անցել է համացանցային դաշտ: Հայ-ադրբեջանական ամենաթեժ կիբեր ընդհարումը եղել է 2012 թվականին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց: Մի քանի օրվա մեջ եղավ շատ լուրջ ընդհարում: Տուժեցին երկու կողմերն էլ: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմի ներկա փուլին, ապա ակնհայտ է, որ վերջին 1-2 տարում Ադրբեջանը կիբերմիավորումներ է ձևավորում: Եթե վերլուծենք հայկական կողմի գործունեությունը, ապա առնվազն կարող ենք տեսնել բաց տեղեկատվություն, որ բանակն ամեն զորակոչի հայտարարում է կիբեր միավորումների համալրման մասին»,- նշեց փորձագետը:
 
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող հստակ նկարագրել, թե որն է հիբրիդային պատերազմը, բայց, ընդհանուր առմամբ ոչ ավանդական մեթոդների կիրառումը համարվում է հիբրիդային պատերազմի կոմպոնենտ:
 
«Հիբրիդային պատերազմի բաղադրիչներ է համարվում քարոզչական պատերազմը, որն այսօր ունի բազմաթիվ նոր մեթոդներ՝ սկսած սոցիալական ցանցերի կիրառում, կիբերհարձակումներ: Ընդհուպ կան դեպքեր, երբ կիբեր հարձակումները բերել են ֆիզիկական լուրջ վնասների՝ ենթակառուցվածքային մակարդակով: Հիբրիդային պատերազմի տարրերի կիրառում կարելի է տեսնել հենց նաև ղարաբաղյան հակամարտության ընթացքում՝ քարոզչական պատերազմ, կիբեր հարձակումներ: Սա կարելի է համարել քողարկված պատերազմ, բայց միաժամանակ ակնհայտ է, որ հակամարտող կողմերը շատ ակտիվ են գործում: Հիբրիդային պատերազմն այն պատերազմն է, որը հստակ սահմաններ չունի: Տեխնիկական միջոցներն այսօր թույլ են տալիս գործողություններ իրականացնել խորը թիկունքում»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *