Հայաստանին «մեկուսացնում» են

timthumb (22)

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետը:
Իրականում, առավել ուշագրավ իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե նիստի ընթացքում, այլ նախորդել են դրան: Մասնավորապես, խոսքը Պուտին–Ալիև հանդիպման, ինչպես նաև Պուտինի՝ Հայաստան սպասվող այցի հետաձգման մասին է: Պուտինի հետ հանդիպմանը Ալիևն, իհարկե, ստացավ տնտեսական բնույթի մի շարք համաձայնագրեր, բայց դա, անշուշտ, այն չէր, ինչ ուզում էր Ալիևը: Ալիևին Մոսկվայից պետք է ռազմա-քաղաքական գործընկերություն և լայն աջակցություն, մի բան՝ որին այսօր Ռուսաստանը պատրաստ չէ, անգամ Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունների լարվածության ֆոնին: Ի դեպ՝ լարվածության մասին: Պուտինի այցի ժամկետների հետաձգումը շատերը կապում են հենց այդ լարվածության հետ, սակայն չպետք է մոռանալ, որ Փաշինյանի կառավարության հետ չեն շտապում համագործակցել նաև ԱՄՆ իշխանությունները: Սա ենթադրում է այն պարզ իրողությունը, որ ՌԴ–ն սպասում է ոչ թե հարաբերություններում լարվածության թուլացմանը, այլ ՀՀ-ԱՄՆ քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի հստակեցմանը, ըստ այդմ՝ Կրեմլը կկողմնորոշվի՝ ինչպիսի դիրքորոշում գրավել Հայաստանի նոր իշխանությունների հետ փոխհարաբերվելիս: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ մասին՝ Թրամփի վարչակարգը սպասողական դիրքում է, իսկ այս իրավիճակից տուժում է միայն Հայաստանը, որը մինչ այս պահը չի հստակեցրել համագործակցության շրջանակները Արևմուտքի և ՌԴ –ի հետ:
Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական նիստին՝ ուշագրավ միակ դրվագը Նիկոլ Փաշինյանի մեկուսացումն էր: ԱՊՀ ղեկավարների պատվին տրված պաշտոնական ընթրիքի լուսանկարներից երևում է, որ Փաշինյանին տեղավորել են սեղանի ծայրին, ինչը, մեղմ ասած՝ գեղեցիկ չի դիտվում: Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է այս դրվագը, վկայակոչելով արարողակարգը, ըստ որի՝ սեղանին ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած: Սակայն ակնհայտ է, որ այդ կարգը հյուրընկալող կողմը չի պահպանել, իսկ ԱԳՆ-ն, ըստ երևույթին, առավել հարմար պատճառաբանություն չի հասցրել հնարել՝ արդյունքում հայտնվելով ոչ պակաս անհարմար վիճակում, որքան Փաշինյանը: Մասնավորապես, հարց է առաջանում՝ Տաջիկստանի ու Թուրքմենստանի (ռուսերեն երկուսն էլ Т-ով են գրվում) նախագահների պահով ինչո՞ւ այդ արարողակարգը պահպանված չէ։ Ակնհայտ է, որ գործել է սեղանի շուրջ հյուրերին տեղավորելու այլ տրամաբանություն: Ի՞նչ էր դա՝ մեսիջ Հայաստանի վարչապետին, որ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում (իսկ գուցե նաև ԵԱՏՄ-ում) հենց այդ ծայրամասային դիրքում է և անչափ մոտ է՝ «ընդհանուր սեղանից» ընդհանրապես հեռացվելո՞ւն: Իսկ գուցե տասնամյակներ շարունակ իրենց երկրները ղեկավարած Պուտինի և Նազարբաևի համար պարզապես «դիսկոմֆո՞րտ» է առաջացնում ժողովրդավարական Հայաստանի ղեկավարի հետ մեկ սեղանի շուրջ նստելը՝ նրանց էլ կարելի է հասկանալ..
Ս.Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *