Հայաստանի զարգացման արամյանական բանաձևը

timthumb (2)

Արդեն կարող ենք հաստատապես պնդել, տնտեսագետներն էլ գիտականորեն կապացուցեն, որ Հայաստանի ռազմավարական գերխնդիրներից մեկը, որն այդպես էլ անլուծելի է մնալու, Հայաստանի պետական պարտքի խնդիրն է. մի շարք հեղինակավոր տնտեսագետներ պնդում են ու գիտականորեն փաստարկում, որ մի քանի տարի հետո Հայաստանը կանգնելու  է դեֆոլտի եզրին ու նույնիսկ ստիպված է լինելու ինքն իրեն սնանկ ճանաչել, քանի որ եթե այժմ մեր երկրի պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսն է գերազանցում, ապա շուտով՝ մի քանի տարի հետո, գերազանցելու է 80-90 տոկոսը, եթե, իհարկե, Կառավարրությունը շարունակի նման տեմպերով ավելացնել երկրի պետական պարտքի բեռը:

Դատելով Վարդան Արամյանի համապատասխան հայտարարություններից, դատելով Կառավարությունում իշխող տրամաբանությունից՝ արդեն կարող ենք ասել, որ որևիցե լավ բան՝ առաջիկայում մեզ չի սպասվում. մերոնք ոչ միայն չեն պատրաստվում մտածել եղած պարտքի բեռից ամեն գնով ազատվելու մասին, այլև դատելով նույն Արամյանի հայտարարություններից, որոնց համաձայն՝ Հայաստանի գոյատևման միակ ճանապարհն այսուհետև մնալու է պարտք վերցնելը, շարունակելու են է՛լ ավելի արագ տեմպերեվ ավելացնել Հայաստանի ֆինանսական հոգսերը:

Իհարկե, միգուցե ոմանք կարող են բերել զարգացած երկրների օրինակներ ու հավաստիացնել, թե պետական պարտքի բեռի ավելացման մեջ ոչ մի վատ բան չկա ու տնտեսական հաջողություններ գրանցելն ամենևին էլ կախված չէ պետական պարտքի բեռի ծանրությունից, սակայն պետք է նշենք, որ նմանատիպ օրինակները ոչինչ Հայաստանի պարագայում չեն կարող փաստել մի պարզ պատճառով. այդ երկրներն ունեն տնտեսական հսկայական հեռանկարներ, այդ երկրները, ասենք, նույն միջազգային ֆինանսական կառույցներից փող վերցնելիս՝ անում են դա հստակ գիտակցված նպատակով՝ զարգացնելու տնտեսությունն, այլ ոչ թե ընդամենը հզորացնելու նույն այդ կառույցների ազդեցությունը սեփական կառավարությունների վրա: Այս իմաստով պետք է նկատենք, որ Հայաստանը չի կարող որևիցե կերպ աղերսներ ունենալ նմանատիպ երկրների հետ, քանի որ մերոնք վերցնում են հսկայական ծավալի փողեր, սակայն դրանք ոչ մի ազդեցություն տնտեսության վրա չեն ուենում. դրանք, ըստ էության, փոշիանում են: Հստակ հաշվարկված է, որ եթե մենք կարողանայինք  պարտք վերցրած փողերը ներդնել տնտեսության ռեալ սեկտորներում, կարողանայինք նորմալ կառավարել այդ գումարներն, ապա Հայաստանն այսօր մի քանի անգամ ավելի լավ տնտեսական վիճակում կլիներ, տնտեսություն կունենայինք ու պարտք չէինք վերցնի պարտք սպասարկելու համար: Տնտեսագիտական վերլուծությունները փաստում են, որ պարտքով պարտք փակելու պրակտիկան Հայաստանում մի քանի տարի հետո հանգեցնելու է անդառնալի հետևանքների ու բյուջեի մեծագույն մասը գնալու է պարտք սպասարկելուն:

Գալով Վարդան Արամյանին՝ կցանկանայինք հարց ուղղել՝ ո՞րն է ներկայիս կառավարության համապատասխան քաղաքականության ու նախորդ կառավարությունների կողմից տարվող գծի տարբերությունը: Տպավորություն է, ասես հատուկ են մեր երկիրն ընկղմում ֆինանսական անդունդը, որ հետո ինչ-որ անհայտ նպատակների հասնեն: Նկատենք, որ այս ճանապարհը Հայաստանի համար ուղղակի կործանարար է ու կարող է նույնիսկ մի ողջ պետականություն արժենալ մեր երկրի համար. ուրիշներն ունեն մեծ ու հոգատար եղբայրներ, մենք չունենք, այդ հարցում մենք միայնակ ենք լիովին: Գոնե տնտեսությունը զարգանար, այդ կերպ հույս կունենայինք, որ մի օր, ասենք մի 100 տարուց՝ կկարողնայինք ազատվել այդ ծանր բեռից: Բայց ոչ, շարունակում ենք գահավիժել՝ պարտքի բեռն էլ վզներիս:

Դաբվիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *