Հայաստանի խորհրդարանը կքննարկի Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու նախագիծը

timthumb

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կքննարկի Իրաքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի` հունվարի 11-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում:
 
Օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արմեն Աշոտյանը:
 
Ներկայացնում ենք քննարկվելիք հայտարարության նախագծի ամբողջական տարբերակը:
 
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
 
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,
 
Կարեւորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,
 
Կարեւորելով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,
 
Ընդգծելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանձնառությունը,
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձեւը, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝
 
Ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը, եւ
 
Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,
 
Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար:
 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *