Հայաստանի կառավարման նոր մեխանիկան…

timthumb

Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ճիշտ է Արտակ Զաքարյանին եւ Արտակ Դավթյանին պաշտպանության նախարարի տեղակալներ նշանակելու վերաբերյալ տեղեկությունը:

 

Փաստորեն, Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը անցնող խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են, ովքեր իրենց գործունեությունը կշարունակեն արդեն կառավարությունում՝ երկրի պաշտպանական կառույցում: Այս նշանակումները կարելի էր համարել զուտ կադրային քաղաքականության արդյունք կամ հետևանք, եթե չլիներ 2018 թվականը և այն նոր իրադրությունը, որը ստեղծվելու է մեկ տարի անց:

 

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր մոդելի, որտեղ Պաշտպանության նախարարությունը դառնում է կառավարման համակարգի կարևորագույն և առանցքային օղակը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզներում: Իհարկե, դեռեւս մեկ տարի Հայաստանում գործելու է հին մոդելը, հետևաբար, Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում լինելու է Գերագույն գլխավոր հրամանատար, բայց նրա պաշտոնաթողությունից եւ կառավարման խորհրդարանական մոդելի լիարժեք անցումից հետո մեր երկրում պատերազմական իրավիճակի բացակայության պայմաններում չի լինելու Գերագույն գլխավոր հրամանատար, եւ պաշտպանական ոլորտի դե յուրե և դե ֆակտո ղեկավար՝ դառնում է Պաշտպանության նախարարը:

 

Փաստացի, նախագահ Սերժ Սարգսյանը երկրի պաշտպանական կառույցը համալրում է իր կադրերով. թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ վերջինիս նորաթուխ երկու տեղակալները երիտասարդ հանրապետականներ են: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, Վիգեն Սարգսյանին նշանակելով պաշտպանության նախարար, նախագահը հայտարարեց, որ երկրում աճում է ռազմա-քաղաքական դիվանագիտության նշանակությունը:

 

Այսօր ականատես ենք լինում այդ դիվանագիտության գործարկմանը պրակտիակայում, ընդ որում՝ սա առաջին փորձն է և դժվար է ասել՝ այն կհաջողվի՞, թե՞ ոչ: Գործադիր մարմնում փաստացի ձևավորվելու է երկու առանցք՝ նախագահի ռազմա-քաղաքական թիմը և վարչապետի տնտեսական թիմը:

 

Հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի առանձնահատկությունները, արդեն իսկ կարելի է ենթադրել, որ այս երկու պոտենցիալ թիմերի միջև գործելու է միմյանց հակակշռելու յուրահատուկ մեխանիզմ: Ամեն ինչ կախված է այն շահերից և խնդիրներից, որով առաջնորդվելու են ղեկավարները:

 

Այս պարագայում առավել ուշագրավ է գործող նախագահի դերը. վերջինս դեռևս չի բացահայտել2018թ.-ի իր ծրագրերը, սակայն ակնհայտ է՝ թե՛ նախագահի, թե՛ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը ջանալու է պահպանել երկրի կառավարման առանցքային օղակների հանդեպ իր ազդեցությունը:

 

Միևնույն ժամանակ, վարչապետի կողմից ձևավորվող տնտեսական թիմը, որի առանցքը անշուշտ լինելու է Հայաստանի ներդրողների ակումբը՝ ջանալու է ստանալ և պահպանել տնտեսական քաղաքականության վրա ազդելու բոլոր հնարավոր լծակները: Այս պարագայում՝ ՀՀԿ նախընտրական «անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը կարծես թե բաժանվում է երկու առանձին բաղադրիչների: Ռազմա-քաղաքական թիմը ապահովելու է անվտանգությունը, իսկ տնտեսական թիմը՝ առաջընթացը:

 

Սակայն արդյո՞ք ռազմավարական նշանակություն ունեցող այս երկու կոմպոնենտները կարելի է դիտարկել մեկը մյուսից անջատ: Ավելին՝ արդյո՞ք անվտանգության և առաջընթացի ապահովումը պետք է իրականացվի տարբեր «կենտրոններից»: 2018 թվականն, անշուշտ, ցույց կտա՝ որքանով իշխանություններին կհաջողվի իրագործել Անվտանգության եւ առաջընթացի փոխլրացման այս յուրօրինակ մոդելը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *