Հայաստանի կտրած թևերը…

timthumb (4)

2016 թվականի տարեվերջին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարեց, որ հայկական շուկա է մուտք գործում ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղևորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ: Նախորդ տարեվերջին, երբ «Շիրակ» օդանավակայանը վերսկսեց իր աշխատանքը, եւ շուկայում հայտնվեցին «Պոբեդա» ավիաընկերության էժան տոմսերը, Գյումրու որոշ տոմսարկղերում իսկական իրարանցում էր:

Տոմսարկղերում ենթադրում էին, որ պակասելու է միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիների թիվը, այսինքն՝ «Պոբեդան», այսպես ասած, խփելու է որոշ սեփականատերերի բիզնեսին: Հայկական լրատվամիջոցները, միմյանց հերթ չտալով, հրապարակեցին «Պոբեդա» ավիաընկերության տոմսերի նվազագույն գների մասին. գները, ի դեպ, սկսվում էին մոտ 7500-8000 ՀՀ դրամից: Այսօր, սակայն, պատկերն այլ է: Հոկտեմբերի 12-ի դրությամբ՝ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա՝ կազմում է մոտ 87 հազար դրամ: Այսպիսով, ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը PR ակցիա էր` ուշադրություն գրավելու համար, և կարճ ժամանակ այդպես աշխատելուց հետո «Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը՝ չնայած կառավարության ներկայացրած՝ ոլորտի զարգացման ծրագրերի: ՀՀ կառավարության այս զարգացման ծրագրերի նախագծերին, որոշումներին զուգընթաց իրականությունն այլ բան է ապացուցում: Ուղեւորները հետաքրքրված չեն վերը նշված ծրագրերով ու որոշումներով. ուղեւորին այսօր հետաքրքրում է իր գրպանի փողն ու մեկնելու էժան տարբերակը: Այսպիսով, կառավարությունն ու գործարարը միֆն են «կառուցում», իսկ ՀՀ քաղաքացին ու ուղեւորը՝ իրականությունը կերտում: Որոշ դեպքերում՝ գները բարձրանում են ավիատոմսերի վրա սահմանված պետական հարկի պատճառով: Սակայն ավիատոմսերի բարձր արժեքը գլխավորապես պայմանավորված է սեփական ավիափոխադրողի բացակայությամբ, որի գաղափարը վերացավ, երբ Հայաստանն անցավ «բաց երկնքի» քաղաքականությանը: Սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է, որ օտարերկյա փոխադրողները հաճախ թելադրեն իրենց գները:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *