Հայաստանի 3-րդ Հանրապետությունը նշում է անկախության 27-րդ տարեդարձը

timthumb (3)

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը:

27 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը. երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Հանրապետության խորհրդարանը դրանով ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։
Արդեն 27 տարի՝ Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: ՀՀ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը ՀՀ քաղաքացիության իրավունք ունի:

Երրորդ Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Սեպտեմբերի 21-ն ազգային հպարտության օր է. անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 27 տարի է՝ իրականություն է:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *