Հայերին այսուհետ շենգենյան վիզա կտա թուրքական «ՎիզաՄետրիկը»

timthumb

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 3-ից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից․ «Խոսքը վերաբերվում է դիմումների ընդունմանը և բացառապես շենգենյան վիզաներին, որոնք նախատեսված են շենգենյան տարածքում կարճատև կեցության համար»,-ասաց դեսպանը։

Խոսելով այս քայլի անհրաժեշտության մասին՝ դեսպանը նշեց, որ գործառույթների պատվիրակումը «ՎիզաՄետրիկի»-ին՝ միայն Հայաստանին չի վերաբերում, և այս հարցում իրենք այլ երկրների հաջողված փորձն են կիրառել․ «Մենք ջանում ենք հնարավորինս շատ հայտատուների տրամադրել վիզաներ և այս պահին Գերմանիա մեկնելու համար դեսպանատուն դիմած յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին ստանում է  վիզա»,-ասաց դեսպանը։

mediamax.am-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար․  ««ՎիզաՄետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։

Դեսպանն ընդգծել է, որ  մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։

«Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է եւ մենք կարող ենք երաշխավորել՝ որեւէ տվյալ՝ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,-ասել է դեսպանը՝ mediamax.am-ի թղթակցի հարցին ի պատասխան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *