Հայտնաբերվել է «Երևան Սիթի»-ում սպանության մեջ կասկածվողը (լուսանկարներ)

timthumb (1)

Այսօր՝ հունվարի 17-ին, հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Ծատուրյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց 54-ամյա Սերգեյ Վարդանյանը: 

Կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմնին»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության մեքենայով Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, ով ճանապարհին մահացել էր:

Նախնական տվյալներով՝ տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ պարզվել է մահացածի ինքնությունը. «Մահացածը 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ և այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- ասել էր Տռուզյանը:

Մեր տեղեկություններով` մահացածը «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում էր պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *