Հայ-հայա փուռն էր գնալու

timthumb

«Ի՞նչ է պետք անել կարճ ժամանակում հարստանալու համար» հարցը մշտապես եղել է մարդկությանը հուզող գլխավոր հարցերից մեկը: Այս հարցի պատասխանը, թերևս, այնպիսիների թվին է դասվում, որոնք, սովորաբար, կախված են լինում ժամանակից ու տարածությունից. Եվրոպայում դրա պատասխանը հնչում է մի կերպ, Լատինական Ամերիկայում՝ այլ, Հայաստանում էլ՝ բոլորովին ուրիշ կերպ:

Հայաստանում, պետք է նկատել՝ այս հարցը չափազանց պարզ պատասխան ունի. բավական է գոնե կարճ ժամանակով զբաղեցնել որևիցե պետական պաշտոն, ներգրավվել մինչև ականջները կոռուպցիայի մեջ թաթախված պետական կառավարման համակարգում, որպեսզի քո՝ միլիոնատեր դառնալու երազն, ասենք, մի քանի տարում, իսկ որոշ դեպքերում էլ՝ մի քանի ամսում միս ու արյուն ստանա: Սա աքսիոմա է՝ հաստատված տարիների փորձով, որի դեմ հակաճառել ոչ ոք օբյեկտիվորեն չի կարող:

Պարզվում է, սակայն՝ կա, գոյություն ունի մեկն, ով այս ամենի մասին միանգամայն այլ, իրականության հետ որևիցե կապ չունեցող պատկերացումներ ունի. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է, ով հուլիսի 6-ին լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում արձագանքելով լրագրողների արդարացի պնդմանը, թե Հայաստանից գնում են արդարության պակասի պատճառով, որովհետև հարուստները շարունակում են հարստանալ, իսկ աղաքատները՝ աղքատանալ, հայտարարել է.«Էդ ձեր կարծիքն է: Ես ըտենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են ՀՀ-ում»:

Թե հատկապես ում և ինչ է փորձել իր այդ հայտարարույամբ ապացուցել ԿԲ նախագահն, անկեղծ ասած՝ այնքան էլ հասկանալի չէ: Կարելի է ենթադրել, որ փորձել է շրջանցել վտանգն ու որպեսզի չթվա հակահամակարգային պաշտոնյա, ջանացել է կանխարգելել տհաճ իրավիճակը: Արդյունքում, սակայն, հայտնվել է ծիծաղելի վիճակում, քանի որ նույնիսկ մանկահասակները գիտեն, թե ինչ իրավիճակ է այսօր հանրապետությունում հատկապես սոցիալական արդարության առումով. այն, ըստ էության, բնության մեջ գոյություն չունի:

Ինչևիցե, Ջավադյանն առաջին ու վերջին բարձրաստիճանը չէ, որը փորձում է չտեսնելու տալ բավական աննախանձելի իրավիճակը, պարզապես այստեղ ցավալին այն է, որ փոխարենը խնդիրները լուծելու՝ հայրենի չինովնիկները դրանք փորձում են ամեն կերպ կոծկել. նկատենք՝ միանգամայն անհեռանկարային պրակտիկա:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *