Հանուն Կարապետյանի մերձավորի՞

timthumb (2)

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Կառավարությունն ուզում է, որ այլեւս իր կազմում տեղ չգտնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը: Այսօր այդ հարցը ԱԺ արտահերթ նիստում դրվեց քննարկման:

Մինչ այդ՝ մշտական հանձնաժողովներում քննարկվում է նախագծին կից փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել նաեւ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի հետ: Եթե ներկայում աշխատավարձի գործակիցը 10 է, ապա առաջարկվում է այն դարձնել 12, և ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավարինը, շղթակայան սկզբունքով պետք է բարձրանան նաեւ տեղակալների ու աշխատակազմի այլ աշխատակիցների աշխատավարձերը: «Ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ հենց այս նախարարությունը պետք է կրճատվի, քանի որ, կարծում եմ՝ կառավարությունում ընդհանուր առմամբ՝ փոփոխությունների այլ մեխանիզմներ էլ կան»,- հարցրեց ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սահմանադրությամբ՝ գործադիրը որոշում է, թե իր քաղաքականությունը ինչ մարմինների միջոցով անի: Գործադիրը գտնում է, որ այսօր իր առաջնահերթությունները հնարավոր է իրականացնել նշված 18 նախարարությունների միջոցով»,- պատասխանեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Կբարձրացվեն նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալների աշխատավարձերը՝ հավասարեցվելով Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներին: Մինչև անցած շաբաթ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը Դավիթ Հարությունյանն էր, նա արդեն Արդարադատության նախարարն է: Նրանից առաջ՝ 2013-14-ին, այդ պաշտոնում էր Վաչե Գաբրիելյանը: Այն ժամանակ նոր պաշտոնի անհրաժեշտությունը հիմնավորող կառավարությունն այժմ հիմնավորում է այդ պաշտոնի վերացումը: 2013-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ փոփոխությունների ժամանակաշրջանում անհրաժեշտ է կոորդինացնել մի քանի գերատեսչությունների բարեփոխումները:

Ստացվում է, որ կառավարության կառուցվածքը որոշվում է ոչ թե կառավարման, այլ՝ որոշակի մարդկանց պաշտոն տալու անհրաժեշտությունից ելնելով: Զարմանալին այն է, որ կառավարությունը որդեգրել է գոտիները ձգելու ռեժիմը, մինչդեռ հիմա հակառակն է արվում: Մյուս կողմից` այս նախագծով ստացվում է, որ պատգամավորներն ավելի ցածր կարգավիճակում են, քան իրենց աշխատակազմի ղեկավարը, քանի որ ավելի ցածր են վարձատրվելու: Ուշագրավ է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար կդառնա նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, որն աշխատել է «ՀայՌուսգազարդում». եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար և համարվում է «վարչապետի մարդը»: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանն իր մերձավորի համար պատրաստ է պատգամավորների ընդվզմանը և նույնիսկ գոտիները ձգելու առաջնահերթության վրա աչք կփակի: Անշուշտ, այստեղ կա «նրբացուցիչ դեպք հանցանաց»՝ կառավարությունը գործելու է մինչև 2018-ի ապրիլը. ՀՀ նախագահի լիազորությունների ավարտի հետ՝ հրաժարական է տալու: Եվ այդ ժամանակ նորից կսկսվեն կառուցվածքային ու կադրային փոփոխությունները: Ավելի ճիշտ՝ բուն փոփոխություններն այդ ժամանակ կլինեն:

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *