Հանքարդյունաբերությունն ու «մինի հեղափոխություն»-ը Նոյեմբերյանում

timthumb

Դեռևս մեկ տակ տարի առաջ  Նոյեմբերյան համայնքի բնակչության և «ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» նախաձեռնող խմբի ջանքերով Պոլիմետալ ընկերությանը հրաժարվեց Նոյեմբերյանում մետաղական հանքարդյունաբերություն իրականցնելու գաղափարից։ Այդ հաղթանակից հետո անցել է արդեն մեկ տարի և ՈՀՆՀ խմբի անդամներն ու համայնքի բնակիչներն իրենց համայնքի ապագան տեսնում են էկոտուրիզմի զարգացման մեջ՝ շարունակելով իրենց աշխատանքները բնապահպանական ոլորտում և կանխելով այլ հանքերի շահագործմանն ուղղված աշխատանքները։

«Այսպիսի արդյունքի հասնելու համար, իհարկե, տարվել էր լուրջ աշխատանք, թե՛ հանրությանը իրազեկելու, թե՛ նրանց մոբիլիզացնելու, թե՛ պայքարի արդյունավետ գործիքակազմ ընտրելու առումով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՈՀՆՀ խմբի խմբի համակարգող Սուրեն Անանյանը:

Վերջինս նկատեց, որ այդ գործընթացն իրենց կողմից անվանվել է «մինի հեղափոխություն», քանի որ դա Նոյեմբերյանում ակտիվացրել է հասարակության գրեթե բոլոր շերտերին․ «Առհասարակ, գյուղական բնակչությունը զերծ է մնում քաղաքացիական ակտիվության ցուցաբերումից: Սակայն այդ անգամ ամեն ինչ այլ կերպ ստացվեց»,- ընդգծեց Անանյանը, հավելելով , որ մետաղական հանքարդյունաբերության տապալման նպատակով ստեղծված խումբը շարունակում է իր աշխատանքները բնապահպանական ոլորտում, թեկուզ աշխատանքների իրականացման ժամանակ որոշ խոչընդոտների հանդիպելով․ «Մենք Նոյեմբերյան համայնքի և, առհասարակ, Տավուշի մարզի ապագան և հաջողությունը տեսում ենք մեր բնության պահպանման միջոցով, այսինքն՝ ապագան կապում ենք էկոտուրիզմի և դրա բազմակերպ դրսևորումների հետ: Չէ՞ որ մեր մարզը նաև սահմանամերձ է, և տեղի բնակչության առողջությունը և իր ապագան իր բնակավայրի հետ կապելը նաև ռազմավարական նշանակություն ունեն»։

Ինչ վերաբերում է սահմանամերձ Վազաշեն համայնքում հանքարդյունաբերությանը, խմբի համակարգողը նշեց, որ իրենք շահագրգիռ են, որ Վազաշենի բնակչությունը նույնպես տեր կանգնի իր համայնքային սեփականությանը և թույլ չտա մետաղական և ռադիոակտիվ տարրերի արդյունահանում իր տարածքում։ Այն հղի է անդառնալի հետևանքներով՝ նույնիսկ մինչև տվյալ տարածքի բնաթափում, թեպետ վազաշենցիներն այնքան էլ միանշանակ չեն արձագանքում այս մոտեցմանը․ «Մենք շարունակում ենք հորդորել, կիսվել մեր փորձով, նմանատիպ հանքի հեռանկարի բացասական հետևանքների մասին մտահոգություններով։ Սակայն որոշումը տեղի բնակչությանն է։ Մեր խումբն առաջարկել է իր փորձը, որը ՀՀ-ում իր գրանցած արդյունքի արագության տեսանկյունից բացառիկ է: Իհարկե, կան նաև այլ խմբեր, որոնք պայքարում են հանքարդյունաբերության դեմ, ինչպես Ամուլսարում: Սակայն մեր հաջողության գրավականը ոչ թե արդեն մեկնարկած գործընթացի, այլ դրա մեկնարկի դեմ պայքարով է պայմանավորված: Եվ ավելի հեշտ է նախօրոք կասեցնել գործընթացը, քան հետո պայքարել դրա դեմ»:

Նա նաև նկատեց, որ պատկան մարմինների հետ առիթներ ունեցել են քննարկումների և հարցեր բարձրացնել հիմնականում ՏԻՄ մակարդակում և վերջնարդյունք էլ  եղել է արդյունավետ, սակայն էլ ավելի ակտիվություն են ցանկանում տեսնել համայնքի պատկան մարմինների կողմից բնապահպանական աշխատանքներում:

Ամփոփելով՝ Սուրեն Անանյանը նշեց․ «Կցանկանայի, որ մեր պետության բոլոր համայնքներում բնակչությունը հետզհետե որդեգրի քաղաքացիական ակտիվ վարքագիծ և լինի նախաձեռնող, փորձի բարձրացնել իր շահերից բխող խնդիրները և ձեռնամուխ լինի դրանց լուծմանը: Սա է ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղին՝ ակտիվ, աշխատասեր և արդյունավետ քաղաքացին: Եթե ուզում ենք ունենալ հզոր երկիր, չպետք է դադարենք լինել քաղաքացի ամեն օր»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *