ՀԱՊԿ-ն դառնալու է սպառնալիք Հայաստանի համար

ՀԱՊԿ

ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները տարբեր առիթներով խոսում են մեր արտաքին քաղաքականության ճկունության, բազմավեկտորության մասին: Մասնավորապես ասվել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ընդգրկված է նրա մի շարք ծրագրերում:

Հոկտեմբեր ամսին հենց Երևանում տեղի կունենա մի հավաք, որը կզրոյացնի մեր արտաքին քաղաքականությունը: 

Անցած երկուշաբթի Երևանում էին հավաքվել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները՝ նախապատրաստվելու իրենց երկրների նախագահների` Երևանում նախատեսված հանդիպմանը:

Նախարարները, ըստ ռուսական աղբյուրների, նախագահների քննարկմանն են ներկայացրել նաև ՀԱՊԿ ռազմավարությունը` մինչև 2025 թվականը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի հերքում, որ նման փաստաթուղթ իրականում քննարկվել է, բայց դիվանագիտորեն շրջանցում է դրա բովանդակությունը, տողատակերը:

Ռուսաստանցի պաշտոնյաներն այս հարցում ավելի անկաշկանդ են: Եվ ահա, նրանցից մեկն Ազատություն ռադիոկայանին փոխանցել է, որ ՀԱՊԿ նախատեսվող ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք է ամրագրվելու: Դատելով Ռուսաստան- Արևմուտք հակասություններից` իրադարձությունները հենց այս հունով էլ կընթանան, և հոկտեմբերից սկսած` ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն պաշտոնապես կլինեն թշնամական կառույցներ:

Ինչպես է ՀԱՊԿ անդամ Հայաստանը շարունակելու համագործակցությունը ՀԱՊԿ հակառակորդ ՆԱՏՕ-ի հետ: 

Սա հռետորական ձևակերպում չէ, այլ շատ իրատեսական ու հրատապ հարց, որի պատասխանը Հայաստանի իշխանությունները՝ ԱԳՆ-ն, հաստատ չունեն:

Մեր նախագահը, Արտաքին գործերի նախարարը, հազիվ թե համարձակություն ունենան հակադրվել Մոսկվային և հոկտեմբերից վետո դնել ՀԱՊԿ ռազմավարության այս ձևակերպման վրա, որով ՆԱՏՕ-ն հռչակվում է որպես սպառնալիք: Մնում է ենթադրել, որ, հոկտեմբերից սկսած, էապես կրճատվելու է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ձևաչափը, փոխվելու է հարաբերությունների որակն ու բովանդակությունը:

ՀԱՊԿ առանցքային անդամ Ռուսաստանն ինտենսիվորեն զինում է թշնամի Ադրբեջանին: Քառօրյա պատերազմի ժամանակ, դրան նախորդող և հաջորդող օրերին ՀԱՊԿ անդամները` Ղազախստանը ու Բելառուսը, երբեք չեն թաքցրել իրենց պրոադրբեջանական քաղաքականությունը, շուտով ՀԱՊԿ-ն էապես սահմանափակելու է Հայաստանի ռազմական համագործակցության ծավալն ու հնարավորությունը:

Այդ համատեքստում տեղին է նկատել, որ հենց ՀԱՊԿ-ն է դարձել Հայաստանի անվտանգության սպառնալիքը:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *