ՀԱՊԿ-ում արշալույսները խաղաղ չեն

timthumb (6)

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում պետք է լուծվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Ի սկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ-ում տիրող մթնոլորտում Հայաստանը Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո այդ պաշտոնը կորցնելու է, իրադարձությունները հաստատեցին կանխատեսումը: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նախօրեին Պուտինի օգնական Ուշակովը հայտարարեց, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը օրակարգից հանվել է հայկական կողմի խնդրանքով՝ հավի առնելով երկրում նախընտրական շրջանը: Սակայն այդ հայտարարությունից հետո վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ և վերահաստատեց Փաշինյանի հայտարարությունը:
Փաստորեն, ունենք բավականին լուրջ լաբիրինթոս:
Սա ընդամենը նախընտրական «նվեր» է Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում չզարգանան հակառուսական ու հակահապկական տրամադրություններ և հերթական անգամ չշեշտվի, որ Նիկոլ Փաշինյանը` ռազմավարական գործընկերոջը տված իր «փայլուն» գնահատականներում կամ շատ էր շտապել, կամ պարզապես սխալվում է: 2019-ին էլ Հայաստանը չի ստանալու մինչև 2020-ը իրեն հատկացված պաշտոնը` կոնսենսուս չկա ու չի լինելու, առավելագունը՝ Հայաստանը վետո է դնելու Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է մնալու Վալերի Սեմերիկովը:
Պուտինը, փաստացի, առաջարկել է ոչ թե հարցը հետաձգել, այլ հարցից հրաժարվել, ու Փաշինյանն ընդունել է: Դա միանշանակ է: «Աշխատանքային ընթացակարգերը» հարցը հրապարակային քննարկման հարթակից դուրս բերելու միջոց են: Փաստացի` Պուտինը հերթական անգամ, շնորհիվ Հայաստանի, ստանում է ՀԱՊԿ-ում նախագահելու հնարավորություն, ուրեմն նրա ինչի՞ն է պետք գլխացավանքի մեջ մտնել Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ ու նրանց համոզել հարգել կառույցի կանոնադրությունը: Ի՞նչ կանի Հայաստանը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի Բելառուսին։ Սա է հարցը: Սեպը սեպով են հանում: Եթե Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ-ում երկրորդական ու ենթակայական դեր կատարել, խելոք համաձայնելու է Լուկաշենկոյի թեկնածուին: Եթե մտադիր է կառուցվածքային փոփոխություններ առաջադրել` օգտագործելու է առիթը` մերժելով Բելառուսի թեկնածուին: Սա մանրիկ վրեժխնդրություն չէ, սա սկզբունքային հարց է:
Հայաստանում երբեք էլ ՀԱՊԿ-ին ազգային անվտանգության երաշխավոր չեն դիտարկել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանության հարցը կարևորվեց սկզբունքի պաշտպանության տեսակետից: Ի վերջո` որ երկրի ներկայացուցիչն էլ լինի կառույցի գլխավոր քարտուղարը, իր երկրի համար որևէ բարենպաստ որոշում չի ընդունելու, եթե չկա ներքին պայմանավորվածություն:
Հիմա Փաշինյանի ջատագովները սկսելու են հայտարարել, որ ՀԱՊԿ-ում խնդիրը ոչ թե նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է, այլ հարաբերությունների հին համակարգը քանդելը, որտեղ Հայաստանին լավագույն դեպքում վերապահված էր ոչ թե սուվերեն երկրի, այլ Ռուսաստանի կցորդի դեր։ Նրանք մասամբ ճիշտ են, բայց «քանդելու» համար պետք է լավ դիրքավորվել և շատ մեծ հարց է` Նիկոլը ուզու՞մ է կամ պատրա՞ստ է Ռուսաստանի կցորդը չլինել: Փաստացի` ՀԱՊԿ-ում Հայաստանին ցույց տվեցին իր տեղը` երկրորդական անդամ: Ո՞րն է լինելու Հայաստանի պատասխանը:
Հատկանշական է, որ Բելառուսն ու Ղազախստանն այս պաշտոնի միջոցով փորձում են ճնշել Հայաստանին: Նրանց համար էլ երկրորդական է, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Դա առավել է կարևորում հարցը` կառույցի ղեկավարի խնդրից վերածվելով միջպետական հարաբերությունների հարցի, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, միայն առերևույթ է ամեն ինչ հարթ ու բարեկամական:
Այս ամբողջ պատմությունը վկայեց, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր արբիտրի դերը և ազատ նավարկության է թողնում խնդիրը` վստահ, որ իր ափերին է կայանելու ղեկավարումը կորցրած նավը: Ու հիմա Հայաստանը լուրջ ու երկար պիտի մտածի` իր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը` ի՞նչ է տալիս ու ի՞նչ հեռանկարներ է խորտակում: Բոլորի համար արդեն պետք է պարզ դառնա, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ը դատարկ հնչյուն է: ՀԱՊԿ-ով լուծվող բոլոր խնդիրները կարող են լուծվել հայ-ռուսական հարաբերությունների շրջագծում, եթե լուծվելու են:
Աղասի Առաքելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *