Հասկացնում են հրաժարվել Ալթունյանի հետ հանդիպումից. ուսանողական պոլիկլինիկայի աշխատակազմն անելանելի վիճակում է

timthumb (5)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ՀՀ Առողջապահության Նախարարության Ուսանողական պոլիկլինիկա») աշխատակազմն անելանելի վիճակում է հայտնվել.  կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու որոշում է կայացրել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պոլիկլինիկայի անձնակազմի ներկայացուցիչները նշեցին, որ թեև աշխատանքային խմբի կողմից ընդունելություն են խնդրել Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, սակայն այդպես էլ չեն կարողանում հանդիպել նրան. «Մեզ ոչ թե կատեգորիկ մերժում են ու ասում, որ չի ընդունի նախարարը, այլ ասում են՝ գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չի կարող ընդունել:

Մենք գրեթե ամեն օր համառորեն զանգահարում ենք Առողջապահության նախարարության ընդունարան, խնդրում ենք մեր աշխատանքային խմբին ընդունել, բայց առայժմ անարդյունք է: Եթե երկու շաբաթ անցնի, շարունակությունը ինչ պիտի լինի, մենք չգիտենք»,- իրենց մտահոգությունը հայտնեցին պոլիկլինիկայի աշխատակիցներն՝ ընդգծելով, որ բնականաբար, այս քայլով փորձում են հասկացնել իրենց, որ հրաժարվեն հանդիպումից:

Նրանք նշեցին, որ նամակներ են ուղարկել տարբեր կառույցների՝ և՛ նախագահական, և՛ կառավարություն, և՛ Ազգային ժողով, և՛ Կրթության և գիտության նախարարություն, և՛ Առողջապահության նախարարություն. «Արդեն չգիտենք՝ ի՞նչ անել, մնում է միայն, որ գնանք Ազգային ժողովի դիմաց կանգնենք. բա էլ ինչպե՞ս լսելի դարձնենք մեր ձայնը: Այլ տարբերակ չենք տեսնում, որովհետև հարցի վերջնական լուծման դեպքում արդեն խոսելն ավելորդ կլինի»,- ասացին նրանք:

«Ուզում ենք հասկացնել, որ եթե ծրագիրն ուղղված է վնասով աշխատող հիմնարկությունների դեմ, ապա մենք շահույթով ենք աշխատում, ունենք կոնկրետ գործառույթ: Ինչի՞ համար է լուծարվում հիմնարկը, թող բացատրություն տան մեզ»,- նշեցին նրանք՝ ավելացնելով՝ եթե անգամ հասնեն նրան, որ բացատրություն էլ տան, ապա թող ասեն նաև՝ ինչ է լինելու աշխատակազմի ճակատագիրը:

Փաստորեն, Լևոն Ալթունյանն այդպես էլ չի բարեհաճում հանդիպել բողոքող քաղաքացիներին:

Նշենք նաև, որ վերջին օրերին նախարարը բուռն քննարկումների ու քննադատությունների ալիք էր բարձրացրել ծխախոտի դեմ սկսած իր պայքարով: Այժմ էլ՝ Ալթունյանը հերթա­կան՝ անձնական բիզնեսի շահե­րին ուղղված ծրագիր է փորձում իրականացնել: Ըստ մամուլի որոշ հրապարակումների, վերջինս փորձում է զարկ տալ իրեն պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնի բիզնեսին, և այն ու­սանողները, որոնք հետազոտվելու էին «Հատուկ պոլիկլինիկա»-ում, այն լուծարվելուց հետո տեղափոխվելու են «Վարդանանց» կենտրոն:

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *