Հարված թիկունքի՞ց

timthumb (2)

Հայաստանոմ արդեն մի քանի շաբաթ է առաջին սպառման ապրանքների գների բարձրացում է նկատվում: Մասնավորապես, շուկայում արձանագրվել էր մսամթերքի, ձվի, գյուղմթերքի, իսկ երեկվանից նաև ալյուրի գնի բարձրացում, ինչը, իհարկե, հանգեցնելու է էլ ավելի լուրջ ծավալների հասնող շղթայական թանկացումների: Սակայն այդ գնաճը ոլորտի մասնագետներին ու կառավարությանը կարծես թե չի անհանգստացնում։ Իսկ Հայաստանի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

ՏՄՊՊՀ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ հանձնաժողովը դիտարկում է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են: Մեղմ ասած՝ տարօրինակ եզրակացություն է, որի արդյունքում քաղաքացիները երկընտրանքի առջև են հայտնվել՝ հավատալ Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցին, թե սեփական աչքերին:

Ի դեպ, Շաբոյանի՝ մինչ օրս նման կարևոր տնտեսական նշանակության կառույցի ղեկին թողնելը կարելի է դիտարկել իբրև վարչապետ Փաշինյանի մարտավարական սխալներից մեկը: Գաղտնիք չէ, որ Շաբոյանը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրն է, մարդ, ով մշտապես հայտարարել է, որ երկրում չկա տնտեսական մենաշնորհ, և մարդ, ում տարիների ընթացքում հաջողվել է բոլոր հավանական և անհավանական միջոցներով արդարացնել գրանցվող գնաճը: Իհարկե, այդքանը գիտակցելով Փաշինյանը նախապես պետք է ձեռնամուխ լիներ ՏՄՊՊՀ՝ նախորդ իշխանության ներկայացուցիչներից «ազատագրելուն»: Սակայն Փաշինյանը դա չի արել և այսօր ունենք այն, ինչ ունենք:

Բնական է, որ գնաճի արագացումը հարուցելու է հասարակության դժգոհությունը, ի վերջո, նոր կառավարությունը մի քանի ամիս առաջ, լինելով ընդդիմություն, սուր քննադատության էր ենթարկում կառավարությանն ու ԿԲ-ին՝ որոշ ապրանքների թանկացման համար։ Այժմ հանրության քննադատության թիրախում հայտնվելու է հենց Փաշինյանի կառավարությունը, այն էլ անչափ կարևոր՝ նախընտրական շրջանում, երբ հանրության դժգոհությունը կարող է ազդել Փաշինյանի թիմի ստացած քվեների վրա: Գուցե հենց նման սցենարը աչքի տակ ունենալով է, որ ՏՄՊՊՀ-ն համառորեն շարունակում է համառորեն չնկատել քաղաքացիների գրպանին հարվածողներին…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *