Հարցեր, որ սպասում են պատասխանի…

Սեֆ1

Երբ հուլիսի 17-ին առաջին հաղորդագրությունը ստացվեց այն մասին, որ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության համապատասխան գնդի տարածք և բռնությամբ գերեվարել ոստիկանների, բոլորի համար պարզ դարձավ, որ Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ կրկին բախվել է մի սպառնալիքի, որը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն մեր պետության ու հասարակության ներկայի, այլև նույնիսկ հեռավոր ապագայի վրա՝ շոշափելով խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն Հայստանի համար: Նախ, գնահատելով կատարվածը՝ պետք է նշենք՝ աքսիոմատիկ ճշմարտություն է՝ բռնությունը, տեռորն ու սարսափ տարածելը երբեք որևիցե պարագայում հարցի լուծում չի եղել ու չի լինի:

Պատերազմող երկրում գնալ նման արկածախնդրության, գնալ նմանատիպ ինքնաքայքայիչ գործողությունների, անել բաներ, որոնք կարող են թանկ նստել ոչ միայն ներկայի, այլև ապագա սերունդների վրա, որևիցե դեպքում չի կարող պատճառաբանված համարվել. Հայաստանի ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական ու հրամայական են ոչ միայն այս բախտորոշ պահին մեր երկրի սահմաններն անառիկ պահելու տեսանկյունից, այլև ապահովելու համար ներքին ներդաշնակություն՝ երկրի հետագա զարգացումն անշեղ դարձնելու համար:

Երբ փորձում ես հասկանալ տեղի ունեցածի դրդապատճառներն ու այս, ըստ էության, ահաբեկչական ակտի սոցիալական հիմքերը, ակամա գիտակցում ես, որ, ցավոք, երկրում վաղուց ձևավորվել է մի մթնոլորտ, մի սոցիալական միջավայր, որն էլ, խոշոր հաշվով, մի օր պետք է ծներ այն, ինչին ականատես դարձանք հուլիսի 17-ին: Առաջին բանը, որ բնութագրական է ներկայիս հայաստանյան իրականությանն, անարդարոթյունն է՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ:

Երկրում, փաստացի, ձևավորվել է մի մթնոլորտ, որի պայմաններում հույսը ժողովրդի մոտ, հասարակության ամենալայն շերտերի մոտ իսպառ մեռնում է, ոչնչանում. մարդիկ ապագայի տեսլական չունեն, չունեն մի բան՝ հանուն որի արժեր պայքարել: Ընդ որում, նման իրավիճակը պայմանավորել բացառապես սոցիալական գործոններով ճիշտ չէր լինի, քանի որ բոլորիս աչքի առաջ է արցախյան առաջին պատերազմը, երբ մարդիկ, անգամ հացի փող չունենալով, հայրենասիրության աննախադեպ հրով վառված, մեկնում էին սահման՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները: Ասել կուզի՝ ժողովուրդն այլևս իրեն երկրի իսկական տերը վաղուց չի զգում, ինչից վատ բան, եկե՛ք անկեղծ լինենք, պետության համար չի կարող լինել. հասարկությունը օտարացել է սեփական երկրից՝ վիճակ, որի ծայրահեղ դրսևորմանն ականատեսն ենք դառնում հիմա:

Ինչպես պնդում են որոշ իշխանական ԶԼՄ-ներ, սակայն, տեղի ունեցածը կարող է կապված լինել նաև արտաքին ուժերի հետ: Որոշներն այն կարծիքին են, որ սա, ըստ էության, Հայաստանում ներքին խռովութույններ հրահրելու փորձ է՝ թույլ չտալու իշխանություններին՝ կենտրոնանալու ու դիմակայելու երկրի առաջ ներկայումս ծառացած փորձություններին: Բայց ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենն ուղղակիորեն կապված լինի արցախյան խնդրի հետ. այս ամենը դրսից ազդանշան է իշխանություններին՝ տեղիք չտալու Ռուսաստանի ճնշումներին ու չհանձնելու ազատագրված որոշ շրջաններ Ադրբեջանին, քանի որ սույն ակտը կհզորացնի Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում՝ հնարավորթյուն ընձեռելով վերջինիս ապագայում հանձնված տարածքներում խաղաղապահ զորքեր տեղակայել ու այդպիսով մեկընդմիշտ սեփական վերահսկողությունը սահմանել թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի վրա. Արևմուտքը նման բան չի կարող հանդուրժել:

Ինչպիսին էլ լինեն այս ամենի իրական դրադապատճառները, փաստ է, որ իշխանությունները բոլոր պարագաներում մտածելու տեղ ունեն: Եթե կատարվածը զուտ սոցիալական հիմնավորում ունի, ապա ակնհայտ է, որ գոնե այս դեպքերից հետո իշխողները պարտավոր են վերանայել այն քաղաքականությունը, որը հանգեցրել է նման իրավիճակի, պարտադրված են լինելու գնալ իրական փոփոխությունների՝ Հայաստանում ներքին մթնոլորտն առողջացնելու, մարդկանց հուսալքությունը փարատելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունեցածում քիչ դեր չեն խաղացել նաև արտաքին ուժերն,ապա սույն փաստն իշխանությունների համար առավել, քան պետք է տագնապալի լինի, քանի որ, եթե Արևմուտքը որոշի ապակայունացնել մեր ներքին իրավիճակն, ապա դա հաստատ կանի, քանի որ այդ անելու համար ունի և՛ համապատասխան ռեսուրսներ, և՛ հստակ մշակված պլան, որ գործում է անխափան (օրինակներն աչքներիս առաջ են…):

Տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ լարված մթնոլորտում գունավոր հեղափություն ունենալ Հայաստանում՝ կնշանակի պարտություն ազերիներից, քանի որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, հեղափոխվող երկիրը չի կարող պատերազմ մղել: Ուստի՝ իշխանություննրն ունեն ընդամենը մեկ ելք ՝ թափանցիկ ներքին ու արտաքին քաղաքականոթյուն՝ առանց ծածուկ խլրտոցների:

Բայց այս ողջ պատմության մեջ այդպես էլ անհասկանալի մնաց մեկ բան. ու՞ր էին մեր հատուկ ծառայություններն այն պահին, երբ ծրագրվում էր հարձակում պետական օղակի վրա, ինչպե՞ս էր պատահել, որ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի մերձավոր շրջապատին նախապես չէին զինաթափել, ինչո՞ւ պետք է նրանց մոտ զենք մնացած լիներ. հարցեր, որ դեռ սպասում են իրենց պատասխաններին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *