— Իհարկե ոչ: Բայց եթե ամեն բան գնա այսօրվա տրամաբանությամբ, ապա հեռու չէ այն օրը, երբ կհասցվի: Բայց պետք է հասկանալ, որ հեղափոխությունը բազմափուլ և շատ երկարատև ու աշխատատար գործընթաց է: Իշխանափոխության երկարող փուլից հետո դեռևս կա մշակութային, արժեքային, հասարակական հեղափոխության փուլ, որն ամենադժվարն ու երկարատևն է լինելու: Այն ներառելու է իր մեջ մտածողությունից մինչև ռաբիսության և ազգայինի մերժումը մերժելու մոտեցումներ: Դա է ամենածանր փուլը:
— Ինչո՞ւ է վարչապետը պնդում, որ մինչև տարեվերջ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ի՞նչ եք կարծում, այդ դեպքում ինչպիսի՞ դասավորվածություն կլինի խորհրդարանում։
— Որովհետև մենք բոլորս հասկացանք, որ ՀՀԿ-ն այլևս դավադրություն է իրականացնում: Ի սկզբանե ճիշտ չէր թողնել Ազգային Ժողովն ու Սահմանադրությունը տեղում, դրանք, ինչպես նաև դատական իշխանությունը պետք է անմիջապես հենց մայիսին լուծարվեին: Հիմա այս պահը ուշ էր, բայց ոչ ուշացած, և վարչապետը փորձում է շատ ճիշտ քայլ իրականացնել:
— Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ-ի կողմից հուշագրի ստորագրումը:
— Շատ լավ: ԲՀԿ-ն դուրս եկավ մի իրավիճակից, որում հաստատ չէր շահելու: ԲՀԿ-ի հետագա ճակատագիրն այլևս խորհրդարանական ընտրությունները կորոշեն:
— Տեսնո՞ւմ եք հավանականություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում այլ ուժերի համախմբում լինի։
— Բացառված չէ, բայց դա կերևա ընտրությունների նախօրեին՝ այսինքն՝ շուտով: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն կարող է և ընդհանրապես այս ընտրություններին չմասնակցի՝ իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելով Հայաստանի նոր իշխանությանը հետևողականորեն վարկաբեկելու վրա, որպեսզի ոչ այս, այլ հաջորդ ընտրություններին իբրև թե վերադարձ ապահովեն: Դա, իհարկե, տեղի չի ունենա և ՀՀԿ-ն կբռնի ՀՀՇ-ՀԱԿ-ի ուղին, բայց դա արդեն այլ թեմա է:
— Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում արտաքին գործոն կա՞, թե՞ դրանք կապված են ներքին խնդիրների հետ:
— Առայժմ չկա կարծում եմ: Բայց եթե հակահեղափոխությունը հաջողեր, իսկ դրա շանսերը հենց այսօր զգալիորեն նվազեցին, ապա անպայմանորեն կլիներ: Ընդհանրապես, հեղափոխական իրավիճակներում, երբ հակահեղափոխություններ են ծագում՝ արտաքին ինտերվենցիաները շատ հաճախ դառնում են անխուսափելի: Ամեն դեպքոմ վերջին շրջանում, աշխարհում ամեն տեղ հակահեղափոխություններին ուղեկցել կամ օգնության են հասել արտաքին ինտերվենցիաները: Հուսանք՝ Հայաստանին դա այլևս չի սպառնա: Կարծես թե իրադարձությունները զարգանում են ժողովրդի համար նպաստավոր սցենարով: Բայց թուլանալ և զգոնությունը կորցնել չի կարելի: Անհրաժեշտ է անկանգ գնացքի պես առաջ գնալ՝ ճանապարհին սրբելով նախկին ռեժիմի բոլոր մնացորդները և մեկընդմիշտ այրել նրանց վերադարձի բոլոր կամուրջները: Վերջապես, անհրաժեշտ է կոշտագույն միջոցներ ձեռնարկել: Այլընտրանք չկա, եթե ուզում ենք նոր և մեզ արժանի Հայաստան կառուցել:
Սոնա Հարությունյան