Հեղափոխության տրամաբանությունը չի ենթադրում գնալ օրենքների հետևից

Capture

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, Թավշյա հեղափոխության, վարչապետի ընտրությունների մասին, նշեց, որ վաղը՝ մայիսի 1-ը ճակատագրական օր է լինելու ժողովրդի համար, քանի որ այդ օրը խորհրդարանն ընտրելու է ՀՀ վարչապետ:

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Մնաց ամենախնդրահարույց պահը՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն կոչված խմբավորման քվերակությւնը: Բայց պետք չէ թուլանալ և ակնկալել, որ նրանք քվեարկելու են: Ընդամենը մի քանի ձայն է հարկավոր, որպեսզի Փաշինյանն ընտրվի վարչապետ: Կարծում եմ հնարավորություն կա, որ այդ ձայները լինեն, որովհետև ըստ տրամաբանության խմբակցության ներսում կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ պետք է լինել ժողովրդի կողմում, քան վերջնականապես այրել բոլոր կամուրջները և գնալ նորանոր խարդավանքների ճանապարհով: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն պարտված է և պարտավոր է գոնե այս պահին՝  այսքան հակահեղափոխություն ձեռնարկելուց և բոլոր դաշնակիցներից լքվելուց հետո, եզրակացություններ անել և հաղթանակը հանձնել նրան, ում իրոք պատկանում է»,- ասաց քաղաքագետը:

Մարտիրոսյանի խոսքով՝ հեղափոխոխության ճանապարհին հաջորդ խնդիրը ընտրությունների անցկացումն է: Նա հույս հայտնեց, որ վաղը ՀՀԿ-ում գուցե գտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ որոշում կկայացնեն և արդեն սուզված նավից կփորձեն դուրս գալ:

«Փաշինյանը շատ լավ պատկերացնում է իրավիճակը: Այն ճանապարհով, որով գնաց Սերժ Սարգսյանին տապալելուց հետո, ոչ հատուկ էր հեղափոխություններին և գերքաղաքակիրթ էր: Հեղափոխության տրամաբանությունը չի ենթադրում գնալ օրենքների հետևից, բայց շատ լավ էր, որ այս դեպքում օրենքները պահպանվեցին: Ապրիլի 23-ին Փաշինյանն ուղղակիորեն կարող էր վերցնել իշխանությունը, բայց գնաց մի ճանապարհով, որն աննկարագրելիորեն խաղաղ էր»,- նշեց քաղաքագետը՝ հույս ունենալով, որ վերջնական հաղթանակի ճանապարհին խոչընդոտներ այլևս չեն լինի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *