Հենոյի ֆենոմենը

հենո

Շաբաթ օրը հայ ֆուտբոլասերների համար երկրորդ պլան մղվեց նույնիսկ Եվրոպայի առաջնությունը: Օրվա լրահոսի հերոսը մեր ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն էր: Պաշտոնապես հաստատվեց լուրը, որ մեր հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը տեղափոխվում է հռչակավոր «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը Հենոյի համար վճարել է 42 միլիոն եվրո:

Հատկապես անցած մրցաշրջանում Մխիթարյանն իր ակումբում ցուցադրեց բացառիկ գրագետ և արդյունավետ խաղ, բոլորիս աչքի առաջ կայացավ համաշխարհային մեծության աստղը: Հենոն դարձավ հետխորհրդային տարածքի ամենաթանկ խաղացողը` շրջանցելով ուկրաինացի ոչ վաղ անցյալի ֆուտբոլային լեգենդ Անդրեյ Շևչենկոյին: «Չելսին» իտալական «Միլանին» 40 միլիոն եվրովճարեց Շևչենկոյին ձեռք բերելու համար:

Հենոն այսօրվա իր բարձունքին հասավ առաջին հերթին իր անձնական տաղանդի, աշխատասիրության հաշվին: Հենոյի ֆենոմենը կարող է շրջադարձային լինել հայկական ֆուտբոլի համար: Շատ քիչ ազգային հավաքականների է վիճակված իրենց կազմում ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի: Իսլանդիայի և Ուելսի օրինակները ցույց են տալիս, որ փառավոր անցյալ չունեցող հավաքականները կարող են հասնել լրջագույն հաջողությունների` դառնալով կազմակերպված թիմ՝ հստակ խաղաոճով ու մարտավարությամբ: Հենոյի ֆենոմենը գուցե դառնա այն նախադեպը, մոտիվը, որը մեր ազգային ընտրանուն կբարձրացնի ցանկալի մակարդակին:

Հենոյի ֆենոմենը վարակիչ պետք է դառնա նաև մեր ազգային առաջնության ակումբներում հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստների համար: Տքնաջան աշխատանք, կարգապահություն, նվիրում` ահա այն հատկանիշները, որոնք «Փյունիկի» երբեմնի երիտասարդ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դարձրին համաշխարհային մեծության աստղ:

Եվ վերջապես, Հենոյի ֆենոմենը կարող է փոխել բիզնեսի վերաբերմունքը հայկական ֆուտբոլի հանդեպ: Մեր մեծահարուստները գուցե որոշեն ներդրումներ կատարել հայրենական ֆուտբոլում` ոչ այնքան հայրենասիրությունից դրդված, որքան բիզնես հաշվարկներից ելնելով:

Հենրիխ Մխիթարյանն այլևս բրենդ է, և նման կարգի ֆուտբոլիստների կայացմանը նպաստելը կարող է հաջողված բիզնես-ծրագիր համարվել: Ի վերջո, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչըտարիներ առաջ անգլիական «Չելսին» գնեց բնավ ոչ բարեգործական նկատառումներից ելնելով:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *