Հեռուստամարաթոնում տեմպերը նվազում են. պատկերը մտահոգիչ է

timthumb (10)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն ավանդաբար կազմակերպվում է նոյեմբերի վերջերին և ամեն տարի՝ հատուկ խորագրով: Այս տարվա խորագիրն էր՝ «Արարենք միասին»: Այս տարվա հանգանակությունն ուղղվելու է Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի զարգացմանը, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների՝ արևային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների ստարտափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնմանը: Ինչ խոսք, կարևոր ուղղություններ, որոնք նպաստելու են երկրի զարգացմանը, սակայն զարգացումը սկսվում է անվտանգությունից, անվտանգությունը՝ սահմանից։
 
«Նոր Հայաստան» կառուցելիս անհրաժեշտ է բովանդակությամբ լցնել «Նորը» և մտածել հին մոտեցումներն ու գաղափարներն արդիականացնելու, վերաիմաստավորելու ուղղությամբ։ Այս տարվա հեռուստամարաթոնի միջոցների մի մասը կարող էր ուղղվել Հայաստանի սահմանների ամրացմանը։ Ի վերջո, առանց անվտանգ Հայաստանի՝ դժվար է երևակայել անվտանգ Արցախ։
 
Ավելի վաղ՝ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով, որի արդյունքում հավաքվել էր12,505,456 դոլար:
 
Վերջին տարիներին հիմնադրամին տրված հանգանակությունները տարին տարվա վրա միայն նվազում են: Հիմնադրամի գործունեությունն էլ լավագույն ձևով չի ընթանում, առաջին տարիների էնտուզիազմն արդեն վաղուց չկա: Նախկինում հիմնական միջոցառումը` տարեկան հեռուստամարաթոնը ուղեկցվում էր գրեթե բոլոր տեղական մարմիններում կազմակերպվող դրամահավաք-ճաշկերույթներով, բարեգործական համերգներով, ցուցահանդեսներով: Անցյալ տարի, սակայն, նման միջոցառումներ կազմակերպվեցին ընդամենը երեք երկրում, այն դեպքում, երբ հիմնադրամը աշխարհի 30 երկրում տեղական մարմիններ ունի:
 
2012 թվականից այս կողմ չի կազմակերպվում Մոսկվայի ավանդական դրամահավաք-ճաշկերույթը, որի շրջանակներում ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները, որպես կանոն, հանգանակում էին ողջ մարաթոնի ժամանակ հավաքված գումարի առյուծի բաժինը:
 
Նույնը չի կարելի ասել մյուս երկրներում եւ քաղաքներում հիմնադրամի տեղական մարմինների աշխատանքների պասիվության և առհասարակ ավելի քիչ հանգանակություն անելու՝աշխարհասփյուռ հայության տրամադրվածության մասին: Սփյուռքահայերը, ինչպես հայտնի է, չեն սիրում, երբ իրենց փորձում են հիմարացնել: 2013 թվականին հիմնադրամը ստացել է 22 661 372 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, 2014 թվականին` 12 399 550 դոլարի, 2015 թվականին` 10 378 465 դոլարի, 2016-ին՝ 15 մլն 428 հազար 777 դոլար:
 
Այս տարվա հեռուստամարաթոնին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։ Ակնհայտ է, որ այս տարի ևս ունենենք ակնհայտ նվազում. ստացվում է այնպես, որ սփյուռքահայերն այլևս նախկինի նման ակտիվ չեն, կամ ուղղակի չեն վստահում իրենց նվիրատվությունների ճիշտ օգտագործումն ու կառավարումն իրականցնողներին: Այստեղ անշուշտ բավականին էական նշանակություն է ունեցել նաև այս տարի ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հետևանքով Հայաստան Հիմնադրամում տեղի ունեցած իրադարձությունները, ինչի արդյունքում նախ ձերբակալվեց հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը՝ փողերի ապօրինի վատնման մեջ մեղադրվելով, այնուհետև ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս ամենը Սփյուռքում գտվող մեր հայրենակիցների մոտ ստեղծել է անվստահության մթնոլորտ, ինչի արդյունքում ունենք քիչ հանգանակված գումար:
 
 
 
Աղասի Առաքելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *