Հետդարձի ճանապարհ չկա

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են: Հատկանշական է, որ որևէ սենսացիա չեղավ և ամեն բան ընթացավ հետհեղափոխական տրամաբանության շրջանակներում: Նախկին համակարգի հետ ասոցացվող ուժերը՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն նոր գումարման Ազգային Ժողովում այլևս չեն լինի: Սակայն ինչպես և ակնկալվում էր՝ նաև հեշտությամբ չեն հանձնվելու: Էդուարդ Շարմազանովը հայտարարել է «Մերժիր Նիկոլին» շարժման մեկնարկի մասին: Դրան զուգահեռ՝ վաղը փողոցային պայքարի մեկնարկն են տալիս նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:
Որքան էլ նախկին համակարգը ձգտի ռևանշիզմի՝ մի բան ակնհայտ է՝ այսուհետ հասարակությունը մերժելու է հինը, նախորդ համակարգի ռեինկարնացիան դարձնելով անհնարին: Հայաստանում երկար տարիներ իրական քաղաքականության բացակայության պայմաններում ստեղծվել էր գաղափարական վակուում: Քաղաքական գործընթացները հասցված էին զուտ իշխանության յուրացմանը եւ պահպանմանը՝ շարունակ ընդլայնվող նույն իշխանական թեւի վերարտադրման միջոցով: Ընդդիմությունն էլ այդ պայմաններում ուներ իրեն հատկացված հստակ դեր եւ հազվադեպ էր կարողանում շեղվել դիպաշարից: Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ: Հասարակությունը, կարծես թե, մերժել է նախկին իրողությունների փակ շրջափուլն ու նախընտրել Նոր Հայաստանը: Հետեւաբար, նորը չպետք է դառնա նախկին արատավորի ձեւափոխումը, այլ լրիվ նոր իրականություն ստեղծի, որպեսզի սայլը կրկին իր սիրած տեղում չկոտրվի:
Եթե նախկինում իշխանությունն ինքնին միակ նպատակն ու գաղափարն էր, ապա հեղափոխությունից հետո պետք է խուսափել նույն թակարդն ընկնելուց: Դրա համար հարկավոր է ունենալ ազատ, բարձր մրցակցային քաղաքական դաշտ, որը պետք է ձեւավորեն գաղափարահենք քաղաքական ուժերը: Եվ խոսքը, առաջին հերթին, որակապես նոր ընդդիմադիր դաշտի ձևավորման մասին է, նոր քաղաքական լիդերների առաջնորդությամբ: Եվ եթե հին համակարգի ներկայացուցիչներն այդքան ցանկանում են պահպանել իրենց գոյությունը նոր պայմաններում, ապա պետք է փորձեն միավորվել ոչ թե միմյանց հետ՝ դա անհեռանկար պրոցես է, այլ ձգտեն տեղ գտնել նորաստեղծ միավորներում, համախմբվել հենց այդ միավորների շուրջ: Բայց դա պետք է անեն միայն քաղաքական ինքնամաքրման լուրջ աշխատանքներից հետո, որովհետև պարզից էլ պարզ է՝ նախկին կաշառակեր, թալանչի կադրերը այդ նոր միավորներում որևէ անելիք չունեն:
Եթե չհայտնվեն տարբեր բեւեռներ ներկայացնող, իրական գաղափարախոսությունների վրա խարսխված քաղաքական ուժեր՝ հստակ ձեւակերպված եւ իրատեսական ծրագրերով, որոնք պատրաստ կլինեն ազատ եւ բաց մրցակցության, ապա Հայաստանը դեռ երկար կդեգերի իրապես ժողովրդավար դառնալու ճանապարհին, եւ ընդդիմադիր հարթակի բացակայության մեղքն իշխանությունների վրա բարդելու հնարքն այս անգամ չի անցնի:
Ս,Խաչատրյան

timthumb (7)

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *